ՀԻՄԱ ՍԽԱԼՎԵԼԸ ԴԱՐ Է ԱՐԺԵՆԱԼՈՒ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Ինչ աստիճանի կարեւորության իրադարձություն ուզում է կատարվի Հայաստանում եւ նրա շուրջ, դա մեր քաղաքական օրակարգում ոչ թե առաջին տեղում կլինի, այլ միայն ու միայն երկրորդ, երրորդ եւ այլն, քանի որ մեր քաղաքական օրակարգի առաջին տեղն ի սկզբանե զբաղված է , եւ դա իշխանություն-ընդդիմության, նրանց լիդերների հակադրությունն է, միմյանց սխալ հանելն ու միմյանց ոչնչացնելը։ Հայ-թուրքական հարաբերություններ, ալիեւյան սպառնալիքներ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առիթով նշանակված ներկայացուցիչՙ դրանք միայն առիթի կարգավիճակում են, որ ընդդիմությունն ու իշխանությունը հագնեն իրար ու համաշխարհային աղմուկ բարձրացնեն, ու հետո, սկանդալներից հագենալով միայն, նոր հասնեն հարցերի բուն բովանդակությունը։ Ու հույս չկա, որ այդ սկանդալները կփոխարինվեն խելքի ու բովանդակության մրցակցությամբ միայն հարցերի էությունը վեր հանելուն (ափսոսում եմ այդ անիմաստ աղմուկի մեջ կորչող ՀՅԴ-ի համարՙ իր ուղեղներով հանդերձ), որի դեպքում մենքՙ թատրոնի հանդիսականի վերածված հայերս, կհասկանանք կատարվողն ու մեր գլխին գալիքը։ Աղմուկը խանգարում է հայ մտածող շերտին հասկանալՙ ինչ է կատարվում աշխարհում այս պահին, մեր քայլերն ինչպես բխեցնել դրանիցՙ թեկուզ նույնիսկ դրանք խորապես սցենարավորված լինենինք։ Այ, վերջին օրերին Իրանի նախագահ Ռաիսին Մոսկվայում էր, ու անհնար էր, որ Արացախի հարցն ու Հայաստանի հետ սահմանի, մեր անվտանգությոանը վերաբերող խնդիներն այնտեղ չքննարկվեին, իսկ մենք ի՞նչ գիտենք դրանց մասին, կամ դրա մասին հարց ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բարձրացվե՞ց։ Մինչդեռ այս պահին Իրանը կանգնեցրել է գազի մատակարարումը Թուրքիայինՙ թեկուզ տեխնիկական խնդիրներով պայմանավորված, ու դա արդեն հետեւանք ունի Թուրքիայի տնտեսության վրա։ Ու հատկապես խորհրդարանում բոլորիս հոգնեցրած ոճըՙ դիմակազրկել միմյանց հնարավոր բոլոր միջոցներով, տեղը չի զիջում զուտ աշխատանքայինին, ու անգամ մեր ընդդիմության այս հակվածությունից օգտվում է իշխանությանՙ գլուխը կախ իր գործն առաջ քշող հատվածը, արագ-արագ այնպիսի օրինագծեր անցկացնելով, որոնք, քողազերծումներով զբաղված ընդդիմության դիմակայությանը չհանդիպելով, մի հարվածով ընդունվում են, ու շուտով կբացահայտվի, որ դրանցից շատերը այս կամ այն աստիճանի դժվարացնելու են մեր կյանքը։ Դիցուք այդ կարգի օրենքներից մեկը որոշակի սահմանաչափով կանխիկ շրջանառությունը թույլատրելուց հետո մեր սեփականություն-գումարների անկանխիկ գործածություն սահմանելովՙ դրանք հարկելու օրինագիծն է, որով մարդկանց սեփական գումարներում շուտով փայ կմտնի նաեւ պետությունը, համատարած թանկացումներին զուգահեռ։ Չէ, քաղաքակիրթ անկանխիկ գործառնություններին, որ աշխարհում վաղուց է ընդունված, մենք դեմ չենք, բայց աշխարհի կյանքից որակով ու ապահովությամբ հետ մնացող մեր կյանքում մեր ունեցածը նվազեցնելու այս քայլը շուտով կարող է մարդկանց նյարդայնացնելու երեւույթն ունենալ։ Կամ ասենքՙ եթե օրական մի հացի, մի կգ կարտոֆիլի եւ մեկ հարյուր գրամանոց թթվասերի ծախսին հազիվ ձգող մեր թոշակառուներին շուտով կհրամցվի այդ թթվասերը խանութում ոչ բնական բաղադրիչներով մթերքների դարակում փնտրելու սպառնալիքը (այդպիսի օրենք ընդունեց ԱԺ-ն), իսկ բնական բաղադրիչներով թթվասերը միայն ավելի բարձր գնով ու այլ դարակում անհասանելի դարձնելով նրանց. հա դեՙ վատ չի, կիմանանք, որ մեզ խաբում էին ու թթվասերի տեղակ ինչ-որ անհասկանալի խառնուրդ են առաջարկում, բայց մեկ է, թոշակառուն բնականը չի կարողանա գնելՙ թանկ լինելու պատճառով ու կմնա մեկ հաց-մեկ կգ կարտոֆիլ սխեմայում, չնայած մեր էկոնոմիկայի նախարարությունը շատ մտահոգված է թոշակառուներիՙ ճիշտ թթվասեր ուտելով։ Դե իսկ օգնելՙ պատկերացնելու, թե ինչ է կատարվում աշխարհում, այս պահին Ռուսաստան-Արեւմուտք դիմակայության հերթական փուլն ո՞ւր է հասել, ի՞նչով է դա սպառնում Հայաստանին ու Արցախին, եւ այլնՙ դրանք բացատրելու ֆունկցիան խորհրդարանում ո՛չ անհատ պատգամավորներն են վերցնում, ո՛չ խմբակցությունները, նրանք միայն կենցաղային մակարդակով միմյանց դիմազրկմամբ են զբաղված, Արարատ Միրզոյանի ՙ ընդհանրական-անտեղեկություն այս տիպի ձեւակերպումները չհաշված.« Որեւէ աշխարհաքաղաքական իրողություն պետք է հաշվի առնել այդ մեծ զարգացումների համատեքստում, հատկապես, որ այդ զարգացումները ոչ միայն շատ սրընթաց են, այլ նաեւ վտանգավոր ոչ միայն մեր, այլեւ շատ ավելի լայն տարածաշրջանի ու աշխարհի համար»։ Մյուս կողմից ԱԺ-ում կատարվողն օգնում է հասկանալ, թե որ աստիճանի մեծ, մեր խորհրդարանականներին անհաս գործընթացներ են աշխարհում, ու դրա պրոյեկտումը Հայաստանում միշտ եւ հիմա այն աստիճանի սցենարավորված են եղելՙ 1999 հոկտեմբերի 27-ից, Մարտի 1-ից սկսած ու պատերազմով, հետպատերազմյան գործընթացներով վերջացրած, որ սովորական մտածող շերտը պետք է ունենա հզոր երկրների չորս-հինգ հատուկ ծառայությունների հավաքական տրամաբանությունը եւ տեղեկացվածությունը, որ հասկանա ինչն ինչի համար ու ինչից հետո է կատարվում, այդ ըմբռնումով երկրում դրսի վտանգների դեմ պատնեշ մտմտաՙ անկախ իշխանության եւ ընդդիմության պահվածքից, որը մենք չենք տեսնում, եւ որն ի վերջո անհնար է. ունենք այն, ինչ ունենք։ Իսկ աշխարհում պատերազմի սպառնալիքը մեծանում է, Ուկրաիան-Ռուսաստան հակադրությունն ունի իր մետաստազները, կամ հակառակը, հենց դա է մեծ դիմակայության մետաստազ, ինչպես, ի դեպ, Ղազախստանում եղածը,կամ մե՛ր տարածաշրջանում, ընդհուպ Հայոց սահմաններին տեղի ունեցողը (նաեւՙՀԱՊԿ խաղաղարարների մուտքը Ղազախստան ներառյալ, որը մեր իշխանությունը մի առանձնահատուկ դրական է գնահատում), ու մենք պետք է հասկանանք, թե ինչ է հետեւելու ամեն պահ, որ կարողանանք մեզ պաշտպանել նախ դիվանագիտորեն, ապաՙ զենքով։ Իսկ հասկանալ պետք է ազգովին, ու ոչ թե ԱԳՆ ինչ-որ վարչության ինչ -որ նեղ-մասնագիտական բաժնի մակարդակով, դա պետք է անի նախ ԱԺ-ն, երկրի քաղաքական մարմինը, աշխարհում մեծ պատերազմի բռնկումից հինգ րոպե է պակաս։ «Բարեւ Ձեզ, ուրախ եմ ծանոթանալ» Այս միտքը Ստոկհոլմում իրար ասել են Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն եւ մեր Արարատ Միրզոյանը , երկար միջանցքով քայլելիս. աշխարհի գլոբալ դիմակայության ֆոնին, որտեղ Թուրքիան դերակատար է, մերոնք ուզում են հարաբերվել թուրքերի հետ, այն էլՙ առանց նախապայմանների։ Մինչդեռ թուրքական մշտական նախապայմաններըՙ երբեք չեն դադարել։ Իսկ մենք իրավունք չունենք Ցեղասպանության փաստի ընդունման ու հատուցման մեր նախապայմանները Թուրքիային մոռանալՙ այդ երկրի պաշտոնյաների կեղծ ժպտներից հալվելով։ Խորհրդարանում Հայաստանի ԱԳ նախարարի, վարչապետի բացատրությունները Թուրքիայի հետ « դժվար» բանակցությունների եւ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի ՙ հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի ներկայացուցիչ նշանակվելու մասինՙ մատնանշում են, որ Հայաստանի իշխանությունը, նրա վարչապետը լիարժեք չեն պատկերացնում այն պատասխանատվության մեծ բեռը, որ ստանձնում են, ասելով, թե Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի ներկայացուցիչ նշանակված Ռուբինյանը չի որոշում կայացնողը, այլ անձամբ վարչապետը, եւ որՙ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների բանակցությունների։ Բայց ո՞ւմ անունից, չէ որ ցեղասպանությունից, հատուցումից հրաժարվելը, որը միշտ եւ հիմա էլ պնդում է Թուրքիան, ոչ թե իշխանությանն ընտրած զանգվածի պատասխանատվության տիրույթում է ու ոչ միայն Հայաստանի խնդիրն է, այլ աշխարհի տասն միլիոն հայերի։ Ո՞նց կարող եք վստահ լինել, որ այդ տասն միլիոնը հրաժարվում է հատուցումից, ցեղասպանության համար հայերի դատը հետապնդելուց։ Կամ ո՞վՙ մի ողջ իշխանություն լինի, կամ թե մեկ մարդ, կարող է տասն միլիոնի վերաբերյալ որոշման պատասխանատվության բեռի տակ մտնել, ո՞նց կարող է մեկ մարդ որոշել տասն միլիոն հայի փոխարեն,«իհ, Ստամբուլ, հեչ, ոչ մի բան» , չլինելիք բան։ Գումարած, որ Թուրքիան դեռ խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու Հայաստանի պարտավորությունից, Ադրբեջանի նախագահի օգնականը հենց երեկՙ աշխարհաքաղաքական նոր իրողությունները գնահատելու Հայաստանին ուղղված ակնարկ է անում։ Ու միշտ հիշեք, որ Գրիգոր Զոհրապը նույնպես խաղաղության կողմնակից էր, բայց տեսաք , թե ինչ պատահեց նրա հետ։ Իսկ Արցախի հարցում Մինսկի խմբին ապավինելը, որը հստակ նշեց Ա. Միրզոյանը խորհրդարանում եւ Մինսկի խմբի այցելությանը սպասելը էլի կախված են ռուսական-թուրքական կամեցողությունից, որին խանգարելու ռուս-թուրքական ցանկությունը կարտացոլվի (արտացոլվում է) Ադրբեջանի խոսույթում։ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան վկա, Մինսկի խմբին ուղղված հումանիտար պարտավորությունների հերթական վկայաբերմամբ։ Անհասկանալի Մեծ հաշվով անհասկանալի է, թե ինչու է Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամանակ առ ժամանակ, հատկապես լարված ճակատագրական պահերի քաղաքական դաշտի մասին դիտարկումներ անում, գնահատականներ տալիսՙ եթե ելք չի առաջարկում տվյալ վիճակից։ Իհարկե, քաղաքական ընթացքը լավ իմացողը կարող է գլխի ընկնել նրա եւ նրան մերձ շրջապատի ուզածը, մանավանդ տարբեր ենթադրությունների դուռը բաց է թողնում հենց ինքըՙ Տեր-Պետրոսյանը, իր դիտարկումներում անավարտություն եւ թերասացություններ թողնելով։ Թե բաՙ ելքի փնտրտուքը բացառապես հակամարտող կողմերի եւ մտավորականության պարտականությունն է, հասարակության մնացյալ շերտերը իրավիճակի վրա ազդելու լծակներ այս պահին չունեն, իսկ քաղաքագիտական եւ լրատվական դաշտի ակտիվ դերակատարները, գրեթե ամբողջությամբ, սպասարկում են հիշյալ երեք ճամբարների շահերը։ Կոնկրետՙ Լ. Տեր-Պետրոսյանն իրեն ելք փնտրող ո՞ր շերտից է համարում, թե՞ ուղղակի կարդանք ու անցնենք։ Տողատակի սառնությունն , այնուամենայնիվ, նրա գնահատականից փչում է մարդու դեմքին առ այն, որ Հայաստանի համար թերեւս ամենաճակատագրական օրերն ու ժամանակն ենք ապրում, եւ փոքրիկ ժամանակի մեջ սխալվելը դար է արժենալու։ Այժմ հատկապես կա սթափ գնահատականների, Հայաստանի հետագա ընթացքի մասին ամենապրագմատիկ վերլուծությունների, խորհրդատվության կարիք, ու Հայաստանում նախագահած բոլոր անձինք պիտի այս պահին իրենց խորհուրդները հանձնեին հանրությանըՙ որպես բաց ծովում հայտնված հայերիս նավի կողմնորոշիչ։ Սակայն մենք ընդամենը տեսնում ենք ներքաղաքական գնահատականներ ու գործունեությունՙ հույսներս կտրելով բոլոր նրանցից եւ մտածելով, թե խեղդվողի փրկությունը հենց խողդվողի ձեռքին է։ Նույնը կարելի է տեսնել Հայաստանի խորհրդարանում, որտեղ Հայաստանի նախագահներից երկուսը խմբակցություններ ունեն, ու նոր տարվա առաջին նիստում սկսված բուռն տուրեւառը հենց վկայում է, որ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը եւս չի ընմբռնում պահի ճակատագրանությունը, իսկ հայ-թուրքական հարաբերություների պարտադրված նախապատրաստություն ստանձնած իշխանություններին արված հարցադրումներն ավելի շատ վերածվեցին աղմուկ-աղաղակի (գոնե առաջին օրվա ընթացքում), արդար լինենքՙ իշխանության հետ միասնաբար հրահրված աղմուկ-աղաղակի, որ մարդ մտածում է, թե այս աղմուկը հենց նրա համար է, որ բովանդակություն լղոզվի։ Միթե չե՞ք նկատում, որ Հայաստանին շատ արագ մոտենում է աղետը, ու դրա համար ոչ թե ողջ ուժով պետք է գոռգոռալ, կամ արագ իշխանափոխություն տենչալ, այլ մարտահրավերներին համարժեք, քայլերն իմացող ընդդիմություն դառնալ, որովհետեւ այս պահին ոչ թե աղմուկ, այլ մի պահ անգամ լռություն է պետքՙ հասկանալու համար հետագա անելիքը։ Ճիշտ է, ԱԺ նիստի երկրորդ օրը եւ հատկապես ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին հայ-թուրքական նոր մեկնարակած «կառուցողական-դրական» հանդիպման մասին հարցադրումները մի փոքր առարկայացան ի վերջոՙ իշխանությունից օրակարգ ու բովանդակություն պարզելու առումով, մանավանդ որ թուրքերն արդեն առ այդ ճանապարհային քարտեզ են հրապարակել (ամռանը «Զանգեզուրի միջանցքը» բացելու վերջնանպատակով), եւ անգամ ԱԺ նիստի առաջին օրը տղայաբար բանավեճի մեջ ներքաշված ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական շփումներում Հայաստանի ներկայացուցիչ նշանակված Ռուբեբն Ռուբինյանն էր փորձում տարբեր դրվագներով վերադառնալ կառուցողական դաշտ։ Բայց նախորդել էր (երկուշաբթի օրը) ըստ էության Հայաստանի հեռանկարին սպառնացող թեմայով (հայ-թուրքական վերջին շփումների) մի խոսակցություն, թե ո՞վ է Հայաստանում թուրքական ազդեցության գործակալ, Ռուբեն Ռուբինյանի մասնակցությամբ, որն իջավ տղայական հաշիվ մաքրելու մակարդակին, անգամ մի պահ դուրս եկավ հունից։ Է, մտածեցինք, եթե մեր խորհրդարանում Հայաստանի ներկայացուցիչը չի տիրապետում ինքն իրեն, էդ բանակցություններին թուրքական նենգությանը դիմակա ո՞նց է անելու։ Կամ ի՞նչ իմաստ ունի մեկ օր առաջվա աղմուկից հետո, հաջորդ օրերին էլ միմյանց ազդեցության գործակալ անվանել։ Ապրեք, ընդդիմություն եւ իշխանություն, իրար սազում եք, բայց, այնուամենայնիվ, երկուսիդ էլ առաջարկում ենք նորից լսել պատգամավոր Գեղամ Նազարյանի խոսքը ԱԺ ամբիոնից եւ ականջալուր լինելՙ օրվա հրամայականները պահանջում են ընդդիմությունից էլ, իշխանությունից էլ խոհեմ լինել եւ անիմաստ աղմուկ չհրահրել, այլ բովանդակային քննարկմամբ վեր հանել նոր մարտահրավերները։ Այ բալամ, դուք անելիք չունե՞ք, Էրդողանը հայերիս անվանում է անհայրենիք-թափառական ցեղախումբ, դուք ինչո՞վ եք զբաղվում. ընդդիմությունն ասում է դեմ չէ առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերություններին, բայց որտե՞ղ տեսավ առանց նախապայման հարաբերությունների մասին անգամ խոսակցություն, մի հատ թուրքական մամուլը նայեք։ Իշխանությունն էլ, անհայրենիք ցեղախմբի ներկայացուցիչ բնորոշմանը չհակադրվելով եւ ցեղասպանողին իր բնորոշումը չտալովՙ ուզում է հարաբերություն հաստատել հայերին վերջնականապես ոչնչացնել ցանկացողիՙ էրդողանյան Թուրքիայի հետ, Խաչատուր Սուքիասյանի ասած օգուտները ստանալ ու Գյումրիում թուրքերին բուժել, բայց բարկանում է, երբ հարցնում են Հայաստանի ներկայացուցիչ նշանակելու իրավական հիմքերից, կամ հայ-թուրքական օրակարգը բացահայտելու պահանջ ներկայացնում. հանգիստ-հանգամանալից ամեն ինչ բացատրեք, դուք միայն մենեջեր եքՙ հայ ժողովրդին սպասարկող, եւ այդ հարցերը ձեր մենաշնորհը չեն։ Ընդհանրապեսՙ ձեր կռիվների մեջ կանգ առեք ու սկսեք անելիքը բաժանելով կառուցել այն քայլերը, որոնք արդյունավետ կլինեն հատկապես այս վտանգավոր ժամանակի մեջ։Գեղամ Նազարյանի ասած միասնական նավը որ խորտակվի, դրա մեջ ազդեցության գործակալն էլ է լինելու, գործակալ փնտրողն էլ... Դե բայց ինչ եմ ասումՙ Հայաստանի շուրջ տեղի ունեցողը, Հայաստանի ներսուդրսում կատարվողը, Հայաստանի քաղաքական ուրվագիծը այնքան սարքված-նախապատրաստած-կառավարելի են թվումՙ սեփական քաղաքագետներով ու վերլուծողներով համեմված, որ երբեմն սիզիփոսյան աշխատանք է թվում անգամ ինչ-որ անկողմնակալ բան գրելը, ինչ-որ բան փրկել փորձելը։ Հ.Գ. - Հինգշաբթի երեկոյան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը վերջապես ներկայացրեց իր մոտեցումներըՙ առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ պատկերացումների մասին, դա գնահատելի է։ |