ԿՅԱՆՔԸՙ ՀՈՒՆՎԱՐԻ 22-ԻՑ ՀԵՏՈ ՆԱԻՐ ՅԱՆ Հայաստանում, ըստ պաշտոնական տեղեկությունների, բնակչության 34 տոկոսն է պատվաստվել քովիդի դեմ. համավարակի աճ չի գրանցվել, սակայն հունվարի 22-ից մեր երկրում գործելու են նոր սահմանափակումներՙ մշակութային հաստատություններ, սննդի օբյեկտներ, մարզասրահներ հնարավոր կլինի այցելել միայն ՊՇՌ թեստի բացասական պատասխանի կամ պատվաստման սերտիֆիկատի առկայության դեպքում: Օրեր առաջ Առողջապահության նախարարության ներհիվանդանոցային վարակների կանխարգելման բաժնի պետ Ռոմելա Աբովյանը տեղեկացրեց նախարար Անահիտ Ավանեսյանի նոր հրամանի մասինՙ ավելացնելով, որ եթե հարկ լինի հնարավոր է, որ բաց տարածքներում դիմակներ կրելու պարտադրանքը նորից ուժի մեջ կմտնի: Ոչինչ չի բացառվում: Ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում է պատվաստումների անուղղակի պարտադրանքը գործում: Օրինակՙ Ավստրիայում, ոստիկանը կարող է կանգնեցնել յուրաքանչյուր քաղաքացու եւ պահանջել պատվաստման QR կոդը: Չունեցավՙ 4000 եվրո տուգանք: Ավստրալիայի կառավարությունը երկրից արտաքսել է սերբ թենիսիստ, իննակի չեմպիոն Նովակ Ջոկովիչին, որովհետեւ նա հրաժարվում է պատվաստվել քովիդի դեմ: Ակնհայտ է, որ մարդկությանը կառավարելու քովիդ-19 տեխնոլոգիական գործիքը լավ չաշխատեց, կամՙ մասամբ աշխատեց: Ստեղծելով վախի ու անվստահության մթնոլորտ, տուգանվելու, աշխատանքից ազատվելու ռիսկերՙ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մեծ խաղի մեջ ներքաշեց հարյուրավոր երկրների: Ինչ խոսքՙ մահեր էլ գրանցվեցին. Երկրագնդի վրա կորոնավիրուսից մահացել է 5 միլիոն մարդ: «Ազատ կամք» նախաձեռնությունը, որում ընդգրկված են թե՛ փաստաբաններ, թե՛ բժիշկներ, ընդվզման նոր ալիք է սկսելՙ ընդդեմ պարտադիր պատվաստումների: Ակնհայտ է, որ հունվարի 22-ից նախատեսված նոր սահմանափակումները պատվաստումների անուղղակի պարտադրանք են ենթադրում: Իրավապաշտպաններն ու բժիշկներն իրենց ուսումնասիրություններն են կատարել եւ համոզվել, որ պատվաստումներն ուղղակի ճնշման գործիք ենՙ ենթարկեցնելու, հնազանդեցնելու մարդկանց եւ, ամենակարեւորը, մտնելու նրանց գրպանները: Փաստաբան Արա Զոհրաբյանը բերում է հետեւյալ օրինակները. Արաբական Միացյալ Էմիրությունների բնակչության 99 տոկոսը պատվաստվել է առաջին դեղաչափով, իսկ 92 տոկոսըՙ երկու: Կանադան պատվաստված է 80 տոկոսով, Միացյալ Թագավորությունըՙ գրեթե նույնքան: Բայց ըստ վիճակագրական տեղեկություններիՙ այս երկրներում կորոնավիրուսով վարակվելու աճ է գրանցվել: «Ես հարցում եմ ուղարկել Առողջապահության նախարարությանը, որ եթե պատվաստված մարդը պատվաստման պատճառով վնասներ կրիՙ առողջական խնդիրներ ունենա կամ մահանա, ո՞վ է պատասխանատվություն կրելու: Պատասխանել ենՙ մարդիկ պատվաստվում են կամավոր կերպով: Այսինքնՙ մեր երկրում պատվաստման պարտադրանքը ներկայացվում է որպես կամավոր ցանկություն: Եթե պատվաստման պատճառով առաջացած խնդիրներով ինչ-որ մեկը դիմի դատարան, նախարարությունն իրեն պաշտպանելու ձեւը գիտե, ասելու էՙ այս մարդը պատվաստվել է իր կամքով, նրան ոչ ոք չի պարտադրել, հետեւաբար, ոչ ոք մեղավոր չէ նրա մահվան մեջ: Նախարարությունը որեւէ պատասխանատվության չի ենթարկվելու»,- նշում է փաստաբան Արա Զոհրաբյանը: Պատվաստումների անուղղակի պարտադրանքի առաջին ալիքի ժամանակ թիրախավորվել էին տարեցներն ու խոցելի խմբերըՙ պատվաստվեք, որ չմահանաք: Օրինակ էին բերվում 5000-ից ավելի մահերը: Հետո թիրախում հայտնվեց աշխատունակ միջին խավն ու միջին տարիքը: Հարձակման հիմնական նշանակետը հենց նրանք են: Քանի որ կորոնավիրուսի ոչ մի պատվաստանյութ գրանցված չէ, եւ բժիշկների մի մասը հայտարարում է, որ դրանք փորձարկումներ չեն անցել, ժամանակի քննությանը չեն ենթարկվել, բնական է, որ դրանց նկատմամբ անվստահության մթնոլորտ պետք է առաջանար, ինչը եւ եղավ: Պատվաստում պարտադրողներին էլ հենց դա էր պետքՙ պատվաստանյութերի մասին հակասական ինֆորմացիաների ֆոնին պահանջել ՊՇՌ թեստեր: Գաղտնիք չէ, որ հանրության աշխատունակ հատվածը հենց գիտակից խավն է: Քանի որ պատվաստանյութերը հավատ չեն ներշնչում, աշխատունակ ու գիտակից հատվածը ռիսկի չդիմելու եւ առողջությունը չվտանգելու համար նախընտրեց պարբերաբար հանձնել ՊՇՌ թեստեր: Ու հենց այստեղ իշխանությունների ուզածը կատարվեց, ձեռքը մտցրեց աշխատունակ մարդկանց գրպանը: Մեկ ամսում 35-40 հազար դրամՙ ՊՇՌ թեստի համար: Իսկ եթե նույն ընտանիքում չեն ուզում պատվաստվել ու ՊՇՌ թեստ են հանձնում 2-3 հոգի, ստացվում է, որ մեկ ընտանիքից ամսական ուղղակիորեն կորզվում է մինչեւ 120 հազար դրամ: Հետո՞ ինչ, որ Բարձր դատարանը հակասահմանադրական ճանաչեց ՊՇՌ թեստի գումարը քաղաքացուց գանձելու փաստը: Մինչեւ հիմա ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել ու ոչ մի քաղաքացու չի վերադարձվել թեստավորվելու համար գանձված գումարը: Ավելինՙ հունվարի 22-ից թեստի կամ պատվաստվելու նոր պահանջներ են ներկայացվելու: Եթե մարդուն աշխատանքը կորցնելու վտանգն անգամ չի ստիպել, որ պատվաստվի, ապա նա պատրաստ է չհաճախել ռեստորան, սրճարան, կինոթատրոն, մարզասրահ. միայն թե չպատվաստվի: Այստեղ առաջանալու է նոր խնդիր. վտանգվելու է հանրային սպասարկման բիզնեսը: Աշխարհի շատ երկրներում է հանրային փակ տարածքներ այցելելու համար ՊՇՌ թեստի կամ պատվաստման սերտիֆիկատի պահանջը գործում, սակայն այդ նույն երկրներում տնտեսվարողները բողոքի ալիք են բարձրացրել, որ իրենց բիզնեսը տապալվում է: Մոսկվայում այդ սահմանափակումն արդեն հետաձգվել է, Սանկտ-Պետերբուրգում, ամենայն հավանականությամբ, նույնպես կհետաձգվի: Պատահական չէ, որ Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Ռոմելա Աբովյանը հայտարարել է, որ կորոնավիրուսի հիվանդացության աճ է նկատվել երեխաների ու երիտասարդների շրջանում: Բաց տեքստով ասում է, որ հիմա էլ նախարարության թիրախում նոր սերունդն է: Վիճակագրական հետազոտությունների կարիք չկա, որպեսզի պարզվի, թե սրճարաններ, արագ սննդի կետեր, կինոթատրոններ, թանգարաններ, մարզասրահներ ավելի շատ ո՞ր տարիքային խմբերն են այցելում. իհարկե, ուսանողները, երիտասարդները, պատանիները, երեխաները: Նրանք, բնականաբար, առայժմ անաշխատունակ են: Ուրեմն ովքե՞ր են վճարելու նրանց ՊՇՌ թեստերի համար. բնականաբարՙ ծնողները: Ստացվում է, որ պետությունը նորից է ձեռքը մտցնելու աշխատունակ խավի գրպանը, որովհետեւ ինչ-ինչ, բայց շատ ծնողներ վերջին կոպեկն էլ չեն խնայի իրենց երեխաներին թեստավորելու համար, միայն թե անկանխատեսելի, փորձարկում չանցած պատվաստանյութով չվտանգեն երեխաների կյանքը: Հարցումները ցույց են տվել, որ աշխատանք ունեցող միջին տարիքի ծնողները մեկ-երկու ամիս թեստ հանձնելուց հետո ստիպված են եղել պատվաստվել, որովհետեւ ի վիճակի չեն իրենց եկամտի 30-40 տոկոսը թեստավորմանը հատկացնել, սակայն իրենց երեխաներին պատվաստել ոչ մի պարագայում պատրաստ չեն: Անկախ փորձագետները, բժիշկները, իրավապաշտպանները, որոնց խոսքը չեն լսում ո՛չ ԱՀԿ-ն, ո՛չ էլ Առողջապահության նախարարությունը, ահազանգում են, որ պատվաստանյութերը կարող են ազդել նաեւ վերարտադրողական առողջության վրա: «Մոդերնա» արտադրող ընկերությունը պատվաստանյութի վրա գրել է, որ այն նախատեսված է 18-ից բարձր տարիքի անձանց համար: Իսկ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հենց «Մոդերնայի» համար տարիքային շեմն ինքնակամ իջեցրել էՙ մինչեւ 12 տարեկան: «Այս մասով հանցագործության մասին տեղեկություն ենք հաղորդել, նյութեր ենք նախապատրաստել, բայց մինչեւ հիմա պատասխան չենք ստացելՙ քրեական գործ հարուցվելո՞ւ է, թե ոչ: Բայց որոշ հարցումներ ենք կատարել եւ պարզել, որ «Մոդերնայով» պատվաստվել են նաեւ երեխաները: Եթե պատվաստանյութերը դեռ գրանցված չեն, իսկ հայտնի է, որ դրանք կարող են ունենալ նաեւ հապաղիչ վտանգներ, որովհետեւ դեռեւս փորձարկման փուլեր չեն անցել, ինչպե՞ս կարելի է փարձադաշտ դարձնել մեր երեխաներին, ո՞վ է պատասխանատվություն կրելու հետեւանքների համար: Հիմա էլ ասելու են, որ երեխաները կամավորության սկզբունքո՞վ են պատվաստվել»,-ասում է Արա Զոհրաբյանը: Փաստաբանը թարմ օրինակ է բերումՙ Ֆրանսիայում ապահովագրական ընկերությունը հրաժարվել է պատվաստումից մահացած աշխատակցի ժառանգներին վճարել համապատասխան գումարՙ պատճառաբանելով, թե նա սեփական կամքով է պատվաստվել, իրենք որեւէ պարտավորություն չունեն այդ մարդու նկատմամբ: Անգամ դատարանը չի պաշտպանել պատվաստումից մահացած մարդու իրավունքները: Արա Զոհրաբյանը նաեւ նշում է, որ անգամ սահմանափակումների առկայության դեպքում որեւէ տնտեսվարող իրավունք չունի ՊՇՌ թեստի պատասխան կամ պատվաստման սերտիֆիկատ չունեցող քաղաքացուն արգելել մտնել տվյալ հաստատություն: Իսկ եթե վերահսկող մարմինը ստուգի ու տեսնի, որ այդ մարդը չունի թեստի պատասխան կամ պատվաստման սերտիֆիկատ, բայց օգտվում է տվյալ հաստատության ծառայություններից, ապա պետք է տուգանի ոչ թե տնտեսվարողին, այլ քաղաքացուն: Օրենքը սա է նախատեսում: Հետեւաբար, այս տեսակետից նախարարի հրամանը շրջանցման տեղիք է տալիս: Շրջանցման տեղիք է տալիս նույն պահանջը նաեւ գործատու-աշխատող հարաբերություններում: Գործատուն պարտավոր է միայն գրանցամատյանը լրացնելՙ ով է թեսթ հանձնել, ովՙ ոչ: Իսկ տուգանվողը պետք է լինի աշխատակիցը, ոչ թե գործատուն: Սրա մասին քչերը գիտեն: Առողջապահության ոլորտի չինովնիկները հիմա էլ խոսում են օմիկրոնի մասինՙ նշելով, որ պատվաստանյութերը պայքարում են այս շտամի դեմ: Համաշխարհային պատկերն է ցույց տալիս, որ օմիկրոնն ավելի արագ է տարածվում, քան դելտա շտամը, սակայն չի ուղեկցվում ծանր ընթացքով եւ անդառնալի հետեւանքներ չի ունենում: Մասնագետները համոզված են, որ օմիկրոնը քովիդի մուտացիան էՙ ավելի թույլ ու նվազ վտանգավոր: Նրանք համարում են, որ օմիկրոնով էլ հենց քովիդը կավարտվի: Օմիկրոն շտամով վարակված մարդը եւս ունի հակամարմիններ, նա բարձր իմունիտետ է ձեռք բերում, եւ այդ դեպքում պատվաստվելը բոլորովին անիմաստ է: Առհասարակ, պատվաստումը հարվածում է մարդու իմունային համակարգին ու գցում է նաեւ հանրային իմունիտետը: Բիլ Գեյթսի հիմնադրամում աշխատած, ամբողջ կյանքում պատվաստանյութերի ուսումնասիրմամբ զբաղված Վան դել Բոսխը, դիմելով ԱՀԿ-ին, ասում է. «Օմիկրոնը կարող է բարձրացնել հանրային իմունիտետը: Ոչ մի պատվաստանյութ չի կարող ազդել այդ շտամի վրա: Հանգիստ թողեք մարդկանց: Օմիկրոնը կենդանի թուլացած վիրուս է, որը բացառիկ հնարավորություն էՙ ձեւավորելու հանրային բնական իմունիտետ: Օմիկրոնը, շրջանցելով պատվաստանյութերի առաջացրած հակամարմինները, կխթանի բնական հակամարմինների առաջացմանը: Եթե ԱՀԿ-ն չկանխի պատվաստումները օմիկրոնի դեմ, ապա նույն կազմակերպությունը կրելու է կենսաբանական աղետի պատասխանատվությունը»: Ինչպե՞ս կարձագանքի հանրությունը Հայաստանում հունվարի 22-ից սպասվող նոր սահմանափակումներին, կիմանանք հաջորդ շաբաթ: |