ԿԱԹ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԹԵՐՔ. Ի՞ՆՉ Է ԱՅՆ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ Մերօրյա Հայաստանի հանրապետության առօրյան դիտարկելիս երկակի տրամադրության առաջ են կանգնում: Մի կողմում Հ-1 հեռուստաընկերության գունագեղ լուրերն ու հաղորդումներն են, որոնք չգիտես ինչու որպես հանրային հեռարձակումներ են ներկայացվում քանզի նախարարների ու մեծամասնություն կազմող ԱԺ-ականների խոսքերն են սփռում, մյուս կողմում երկրի հարյուր հազարավոր բնակիչների գնահատականներն են իրենց ոչ վայել միջավայրի շուրջ: Որպեսզի վերջին մոտեցումը զուտ սիրողական չհամարվի, փորձեմ խոսել կոնկրետ օրինակով ու փոստով: Սույն տարվա հունվարի 12-ին Աժ տնտեսական հարցերի հանձնաժողովը քննարկեց... կաթ եւ կաթ պարունակող կաթնամթերքների վաճառքի ընթացքում արտադրանքը ցուցադրելու կարգի մասին ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմած օրենքի նախագիծը: Պահանջը հետեւյալն էր. մինչեւ 200 քառակուսի մետր տարածքով առեւտրային կետերի ցուցադարակաշարերում հարկ է ընդգծված առանձնացնել զուտ կաթից ստացված կաթնամթերքները եւ այսպես կոչված կաթ պարունակող կաթնամթերքային արտադրանքը: Նշեմ, որ ՀՀ քաղաքացուս շրջապատում էլ քիչ չեն նրանք, որոնք տարակուսում են, թե ինչ է նշանակում կաթ պարունակող արտադրանք ասվածը, քանզի իրենց ողջ կյանքում համոզված են, որ կաթնամթերքը կաթի վերամշակումից ստացած կաթն ու մածունը, կաթնաշոռն ու պանիրը, մյուս արտադրատեսակներն են: Իրականում կյանքն ու արտադրական հարաբերությունները փոփոխվում են, ի հայտ են գալիս նոր հասկացություններ ու որակումներ, որոնցից մեկն էլ... ընդամենը վերջին տարիներին մեզանում օգտագործվող կաթ պարունակող մթերք ձեւակերպված արտահայտությունն է: Այն ընդամենը որոշակի որակի կաթի հետ նույնպես որոշակի բուսայուղերի խառնումն է արտադրանքի պահանջվող ու նաեւ ցանկալի չափաբաժինը ստանալու նպատակով: Թե՛ առողջապահական եւ թե՛ այլ առումներով որեւէ քողարկում կամ շրջանցում չի արձանագրվում, քանզի այդօրինակ արտադրանքն անվանվում է իր նոր իմաստով, այն է` տվյալ դեպքում կաթ պարունակող , քանզի կան նաեւ այլ տարատեսակներ հյութերի, մսամթերքների պարագայում: Տարօրինակ ու անսովոր վիճակ, կամ` փաստ: Ինչո՞ւ ենք հայտնվել ոչ այնքան բարենպաստ այս վիճակում, որը կարելի է նաեւ վտանգավորության աստիճանի ներկայացնել, քանզի խոսքը լիարժեք առողջ սննդին ու սննդակարգին է առնչվում: Ողջ հարցն այն է, որ Հայաստանի հանրապետությունում իր 3 մլն բնակչության համար անհրաժեշտ առաջին անհրաժեշտության սննդահումք պարզապես չի արտադրվում, թեեւ հողա-ջրա-ջերմային պայմաններն առավել քան առկա են, գումարած` քարից հաց քամող հայտարաված աշխատունակ տարրը, հողագործից մինչեւ նախարար: Հատկապես վերջինները քննարկվող խնդրի պարագայում կանխատեսում էին, ասենք, 2015 թվականին ՀՀ-ում պահվող կովերի գլխաքանակը հասցնել 370 հազարի, կաթի համախառն արտադրությունըՙ 900 հազար տոննայի: Ավաղ, արդեն 2018 թվականի հունվարի 1-ին կովերի գլխաքանակը նվազեց ամբողջ 100 հազար գլխով, կաթի արտադրությունը հազիվ կազմեց 700 հազար տոննա, նախորդ տարիների համեմատ նվազելով 50 հազարական տոննայով: Տարօրինակորեն նման վիճակը որեւէ մեկին չանհանգստացրեց, քանզի անգամ այս պայմաններում ՀՀ-ում հայտնվեցին կաթ-կաթնամթերքի արտադրության նոր ընկերություններ, դրանց արտահանման ծրագրերով: Դե, ՀՀ իշխանություններին միայն արտահանում ասա, մնացյալը խնդիր չէ, արտոնությունների ցանկացած պայման կբավարարեն: Ոչինչ, որ անասնապահությունում կաթնատու ոլորտ գոյություն չունի, անասնապահների կենդանիները ոչ լիարժեք կերակրման հետեւանքով պահանջվող կաթնատվության անգամ նվազագույն ցուցանիշներ չեն ապահովում, ոլորտի գործունեությունը շահավետ չեն դիտարկում, որն էլ բերում է կաթի փոշու օգտագործման, որը նաեւ չոր կաթ է անվանվում: Կաթ-կաթնամթերքների պակաս չկա, իսկ անասնապահը դժգոհում է կաթի մթերման գնից, այն ջրի գնի հետ է համեմատում, աստիճանաբար լքում աշխատանքն ու աշխատատեղը: Ահա այսօրինակ մոտեցումների հետեւանքով ավելորդ համարվեց անգամ ՀՀ-ում գյուղատնտեսության նախարարության գոյությունը, որը հիմա սահմանափակ իրավասություններով իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Խնդրի մասամբ իսկ արմատական լուծումը գերխնդիր է համարվում: Ասենք, կովերի կաթնատվության հարցը, որը երկիր մոլորակի բազմաթիվ հատվածներում տարեկան հասնում է 8-10, անգամ 12-14 հազար լիտրի, ՀՀ-ում... հազիվ 2 հազար լիտրի: Տարօրինակորեն թե ցավալիորեն նման ցուցանիշը որեւէ մեկին չի մտահոգում, թեեւ շահառուները հազարավոր անասնապահներն են, այծի կաթի չափ կաթ տվող իրենց խոշոր եղջերավորներով: Լսած կամ տեսած չկաք, չէ՞, որ ասենք Հայաստանի պետական ագրարային համալսարան անունով բարձրագույն բուհական հաստատությունը, իր դոկտոր-պրոֆեսորական անձնակազմով, միջազգային կապերով որեւէ անգամ ու ձեւով բարձրաձայնի խնդիրը, լուծումներ գտնի ու առաջարկություններով հանդես գա: Նույնը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության ոլորտի կայացման ու զարգացման ծրագրերի պատասխանատուները, առաջատար մասնագետները: Խելացի անասնագոմերի գաղափար հռչակվեց, որից օգտվում են ֆինանսական միջոցներ ունեցող որոշ անհատներ, երբ հարյուր հազարավոր անասնապահներ ծրագրերին մասակցությունն անգամ երազներում չեն տեսնում: Թե ինչի կհանգեցնի առեւտրակետերի ցուցադարակաշարերում բուն կաթից ու կաթ պարունակող կաթնամթերքներից պատրաստված արտադրանքների ընդգծված ու տեսանելի առանձնացումը, դժվար է գուշակել: Գնային տարբերությունից մինչեւ որակական ցուցանիշների խնդիրներն այդպես էլ անհասանելի կմնան հայաստանյան սպառողների համար, որոնց պարզապես պարտադրվում է օգտվել կաթ պարունակող արտադրանք հայտարարվող արտադրանքից, առանց խնդրի հիմնարար լուծման առաջարկի: Սպասենք ու հուսանք: 18.01.2022 |