RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2022-01-14 > #002, 2022-01-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 21-01-2022



Տեղադրվել է` 2022-01-21 12:12:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1612, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԵՎԱՆ ՆՇԱՆՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԳԱԼԻՍ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանական «Թագեսշպիգել» թերթը հունվարի 19-ին անդրադարձել է Սեւան Նշանյանիՙ Հունաստանից Հայաստան տեղափոխվելու խնդրին: 5 տարի առաջ Թուրքիայի բանտից Հունաստան փախած թուրքահայ մտավորական Սեւանը երեքշաբթի օրը լքեց այդ երկիրըՙ կանխելով շաբաթ օրըՙ հունվարի 22-ին Հունաստանից իր արտաքսումը: Թուրքիայում «չափազանց հայկական», Հունաստանում «չափազանց թուրքական» բնութագրում ստացած այդ 65-ամյա մշակութաբանին Հունաստանը դեռեւս չի պարզաբանել, թե ինչ հիմքով է արտաքսման պահանջ ներկայացնում, գրում է Սուզաննե Գյուսթենն իր հրապարակման մեջ: Ամերիկյան Յեյլ եւ Կոլումբիա համալսարաններում կրթություն ստացած գիտնականը հեղինակել է թուրքերեն ստուգաբանական նշանավոր բառարանը, Անատոլիայի ատլասը, որ ընդգրկում է 50 000-ից ավելի պատմական տեղանուն: Եթե Նշանյանը գերմանացի կամ ֆրանսիացի մտավորական լիներ, նա ուրախությամբ իր վաստակի մասին կպատմեր թոքշոուների հյուր լինելով, նկատել է տալիս «Թագեսշպիգելը»:

Լայն զանգվածներին Նշանյանի անունը հայտնի դարձավ 2000-ականներին: Հոդվածի հեղինակի մատուցմամբ, Թուրքիայում զբոսաշրջությանն ուղղվածՙ բնությունն ու մշակույթը գերակա դարձնելու Սեւան Նշանյանի մոտեցումը, բնապահպանական զբոսաշրջությունը, «Փոքր հյուրանոցների գիրքը» ոգեշնչեց ճանապարհորդներին եւ հյուրանոցատերերին: Թուրքիայի արեւմտյան մասում Սիրինջե գյուղը Նշանյանի ջանքերով դարձավ մշակութային ժառանգության մաս: Բայց վերականգման արտոնություն չուներ, եւ գործը դատարան մտավ: Բանտարկության պատժաչափն ավելացավ, երբ հրապարակավ սկսեց վիճարկել Մուհամեդ մարգարեին քննադատելու իրավունքը, որի համար 2014-ին ազատազրկման բազմամյա պատիժ կրեց: «Թռավ թռչունը» 2017-ի ամռանը թվիթթերում գրառեց Նշանյանը, երբ, ինչպես «Թագեսշպիգելն» է ծանուցում, իր բանտային արձակուրդն օգտագործեց Թուրքիայից Էգեյանով Հունաստան հասնելու համար: Գրառման մեջ Նշանյանը հավելել էրՙ նույն ազատությունը մաղթում եմ մյուս 80 միլիոն թուրքերին: Հունաստանում նա ապաստանի իրավունքի համար ներկայացրած դիմումից հրաժարվեց, երբ 2019-ին ամուսնացավ Հունաստանի քաղաքացիություն ունեցող մի կնոջ հետ եւ ստացավ բնակության իրավունք: Նշանյանը կնոջ հետ հաստատվեց Սամոս կղզում, ուր Սեւանը շարունակեց իր նախասիրած գործըՙ պահպանել մշակութային ժառանգությունը, վերականգնել լքված գյուղերն ու քարուքանդ տները: Բայց հունական կղզում անդորրը երկար չտեւեց: Թե՛ Նշանյանը, թե՛ նրա կինը ծնունդով Ստամբուլից էին, Սամոսում լուրեր տարածվեցին, թե կղզին ուզում են «թուրքացնել», շուտով Սամոսում մզկիթ էլ կկառուցեն, իր հոդվածում ծանուցում է գերմանացի հեղինակըՙ շեշտելով,կղզու բնակիչների զայրույթըՙ քրիստոնյա ամուսինների հանդեպ: Նշանայանին որեւէ բան չէր հուշել, թե այժմ Հունաստանը նրա համար անվտանգությանը սպառնացող, ռիսկային երկիր է, թե անցանկալի անձ է հռչակվելու: Տարեվերջին նրան ձերբակալեցին, մեկ շաբաթ բանտում էր, մինչեւ հունվարի 7-ին դատարանը հրապարակեց երկրից արտաքսման վճիռըՙ առանց պատճառաբանման, ինչպես գերմանական «Թագեսշպիգելին» ներկայացրել է Նշանյանը: Հունվարի 22-ին արտաքսումը կանխելու նպատակով, Նշանյանը երեքշաբթիՙ հունվարի 18-ին մեկնել է Ֆրանսիա: Գերմանական թերթին Նշանյանն ասել է, թե Փարիզից Հայաստան է տեղափոխվելու, Թուրքիայից փախչելուց հետո ՀՀ քաղաքացիություն են տրամադրել իրեն, հիմա էլ ապաստան են առաջարկում:

«Օտար երկրում նորից 0-ից սկսելը վախեցնում է», 65-ամյա Նշանյանի խոստովանությամբ է եզրափակում հոդվածը «Թագեսշպիգելը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 21-01-2022

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ