ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸՙ ԶԱՎԵՆ ԽԱՉԻԿՅԱՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԵՆԳՈՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ, Հայաստանի Թեքեյան մշակութային միության լրատվական կենտրոն Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակակիրներՙ լուսանկարիչներ Զավեն Խաչիկյան եւ Արմեն Ենգոյան Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխության ընթացքում մրցանակ հանձնվեց նաեւ «Գեղարվեստական լուսանկարչություն» անվանակարգում: Այս տարի նույն անվանակարգում մրցանակի արժանացան լուսանկարիչներ Զավեն Խաչիկյանն ու Արմեն Ենգոյանը: Զավեն Խաչիկյանը մրցույթին ներկայացրել էր «Անվերնագիր պատերազմ» ֆոտոշարքը: Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցել չկարողացավՙ թեեւ դիմել եւ մերժվել էր. ստիպված էր «մասնակցել» պատուհանիցՙ այն դարձնելով պատերազմը վավերագրելու տարածք, երբ լուսանկարում էր ներկայի անշարժ ընթացքն ու դրվագները: Շարքը դարձավ յուրատեսակ վավերագրություն, որ միաժամանակ բացահայտեց քաղաքացի, արվեստագետ Զավեն Խաչիկյանի ապրումներն ու հույզերը: «Մրցանակակիր շարքը վաղուց էի սկսել: Այն կարծես երկխոսություն լինի. նախ համավարակը, ապա 44-օրյա պատերազմը առիթ դարձավ շատ բաներ վերհիշելու: Ինքներս մեր ներսում փակվելու եւ «ներքին» հարցերի պատասխանները գտնելու ժամանակ էրՙ առանց աղմկելու»,-մեզ հետ զրույցում նշում է լուսանկարիչն ու վստահեցնումՙ որոշ հարցերի պատասխաններ հենց հարյուրավոր լուսանկարներն էին, որոնցից ընդամենը երեքը ներկայացրեց մրցույթին: Զավեն Խաչիկյանը գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ-ի Ֆիզիկայի բաժինը, ապա ընդունվել ասպիրանտուրա: Իր խոսքովՙ 1970-80-ականների գիտության լճացումը նրան բերեց այն մտքին, որ ֆիզիկան սիրելը մի բան է, օգտակար գործ անելըՙ այլ բան: Գիտության ոլորտում դադար վերցրեց եւ սկսեց զբաղվել լուսանկարչությամբՙ ֆոտոլրագրող աշխատելով ժամանակի մի շարք թերթերում: Զավեն Խաչիկյանը լուսաբանել է 1988-ի Արցախյան շարժումը, դրան նախորդող եւ հաջորդող իրադարձությունները, որպես ֆոտոլրագրող մի քանի անգամ եղել պատերազմի դաշտում, Հայաստանի եւ մի շարք այլ երկրների առաջատար թերթերում ու ամսագրերում հրապարակել ֆոտոռեպորտաժներ: Գործունեության վերջին տարիներին նա զբաղված է լուսանկարչության արվեստային եւ ոչ լրատվական խնդիրներով: Զավեն Խաչիկյանն այն կարծիքին է, որ ժամանակն է լուսանկարչությանը ներկայացնել նույն որակի հարցեր, ինչպիսին կարելի է առաջադրել գրականությանը, գիտությանը, ռազմարվեստին, կերպարվեստին, թատրոնին, քաղաքական միջավայրին եւ այլն: «Զարգացածության ո՞ր մակարդակում է մեր հասարակությունը հիմա եւ ի՞նչ հարցեր ակնկալել նրանից», նշում է երկրի եւ ժամանակի խնդիրներով մտահոգ լուսանկարիչն ու ափսոսանքով հավելումՙ այդ հարցերի պատասխանն իմանալու դեպքում միայն իրավունք կունենայինք զարգացած հասարակություն կոչվելու: «Մեր «հասարակությունն» ակամայից մասնակիցն է ոչ թե լայնամասշտաբ, այլեւ մանր-մունր ինտրիգների, հետեւաբար լուսանկարչությամբ «լուրջ» հարցեր բարձրաձայնելը առօրեական չէ: Վերջին տարիներին հրատարակածս երկու գրքերում, ոչ լրատվական մակարդակում, որոշ հարցեր «բարձաձայնել» եմ: Ցավոք, արվեստաբանությունը թերի կրթության հետեւանքով չի նկատում ու լրատվական մեդիայի արվեստային բաժիններում չի բարձրացնում նմանտիպ հարցերը», նշում է լուսանկարիչըՙ անդրադառնալով լուսանկարչությունըՙ որպես ժամանակի անաչառ պատկեր լինել-չլինելու հարցին: Խոսելով «Վահան Թեքեյան» մրցանակի մասինՙ լուսանկարիչն առանձնակի կարեւորեց ներկա բարոյահոգեբանական եւ ֆինանսապես հոգսաշատ մթնոլորտում նման մրցանակաբաշխություն կազմակերպելը. «Այն կարծես ուժ է տալիս անհատին, ստեղծագործողին, եւ նաեւ խրախուսում, հիշեցնումՙ որպես հայ լուսանկարիչ պարտավոր ես վերադարձնել ստացածդ հոգեւոր ավանդը»: «Գեղարվեստական լուսանկարչություն» անվանակարգում «Վահան Թեքեյան» մյուս մրցանակակիրը լուսանկարիչ Արմեն Ենգոյանն էրՙ «Գյուղական էսքիզներ» սեւ-սպիտակ շարքի համար: Յոթ լուսանկարն այդ շարքի մի փոքրիկ մասն է ընդամենը. լուսանկարիչն այն սկսել է վաղուց: Լուսանկարների շարքում գյուղաբնակ մարդն էՙ մտածող, արարիչ, գյուղական կյանքըՙ իր ամենօրյա աշխատանքով եւ զբաղմունքով: Լուսանկարչի կարծիքով, գունավոր նկարները երբեմն «շատախոս են», իսկ սեւ եւ սպիտակ գույները որոշ պատկերների դեպքում դիտողին հնարավորություն են տալիս ամբողջացնել նկարըՙ հաղորդելով դրան իր տրամադրությունն ու գույները: «Շատերն աշխատում են լուսանկարել, ցույց տալ այս կամ այն հայտնի մարդուն, արտասովոր մի բան: Աշխատավոր մարդը, որ արժեք է ստեղծում կամ ապահովում մարդկանց կենսունակությունն ապահովող ոլորտներում, դուրս է մնում ուշադրությունից: Չէ՞ որ հենց այդ հասարակ ու պարզ մարդիկ են մնացել հայրենի հողումՙ պաշտպանելու եւ շենացնելու երկիրը» նշեց լուսանկարիչն ու խոստովանեցՙ հենց այդ ուշադրության պակասի պատճառով է սկսել «Աշխատավոր մարդը» շարքը, որում առանձին մաս է կազմում մրցանակակիր «Գյուղական էսքիզներ» ֆոտոշարքը: Թեեւ հանդիպելիս Արմեն Ենգոյանը լուսանկարելու պահը բաց չի թողնում նաեւ հանրությանն հայտնի մարդկանց, սակայն անկեղծանում էՙ առհասարակ մեծ հաճույքով լուսանկարում է ամեն տեղՙ շուկաներից մինչեւ փողոց, արհեստանոցներից մինչեւ գյուղՙ պահպանելով լուսանկարչության պահը, ժամանակը պահպանելու եւ այն դիտողին փոխանցելու առավելությունը: Արմեն Ենգոյանը մասնագիտությամբ ինժեներ է, աշխատել է որպես փականագործ, ռոբոտային համակարգերի նախագծող, ապա ճարտարապետ: Գործունեության ողջ ընթացքում լուսանկարչությունը հոբբի է եղել. հիմա այն դարձել է բառացապես մասնագիտություն, որի շնորհիվ բազմաթիվ ձեռքբերումներ է ունեցել: Նրա լուսանկարները բազմիցս տպագրվել են մի շարք ամսագրերում, թերթերում, իսկ աշխատանքները մասնակցել են ցուցադրությունների, միջազգային եւ հանրապետական մրցույթներին: Վերջերս Ռյազանում անցկացվող Հնագույն քաղաքների համաժողովի ժամանակ ԱՊՀ 26 եւ ՌԴ 40 քաղաքների ներկայացրած 833 նկարների շարքում «Մարդիկ հնագույն քաղաքների տարածքում» անվանակարգում Արմեն Ենգոյանը զբաղեցրեց երկրորդ մրցանակային տեղըՙ «Կինը միշտ կին է» խորագրով լուսանկարի համար: Մեզ հետ զրույցում Արմեն Ենգոյանը չթաքցրեցՙ իր մրցանակների կողքին «Վահան Թեքեյան» մրցանակն իր ուրույն տեղն ունիՙ նախ այն ստացել է Հայաստանում, իսկ դրամական պարգեւը հաճելի բան է: Լուսանկարչության իր հմտությունները նա սիրով փոխանցում է դրանով հետաքրքրվածներինՙ առաջին հերթին սովորեցնելով, որ եթե ուզում ես նկարել,պետք է նկարես ամեն ինչՙ նկատածը նույնությամբ դիտողին փոխանցելու կարեւոր պայմանով: Նշենք, որ Հայաստանի եւ ԱՄՆ եւ Կանադայի Թեքեյան մշակութային միությունների համատեղ նախաձեռնությամբ արդեն 27-րդ անգամ անցկացվող «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունն իրականացվում է ԹՄՄ «Շաքե Ղազարյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Այս տարիներին մրցանակների եւ դրամական պարգեւների են արժանացրել հարյուրից ավելի արվեստագետներ, գիտնականներ: «Վահան Թեքեյան» մրցանակին արժանացած լուսանկարիչներն այսօր էլ աշխատում եւ գործունեություն են իրականացնում մի շարք ծրագրերում ու նախագծերում: Նրանք ֆոտոսիրահարներին են փոխանցում լուսանկարչական արվեստի գլխավոր առաքելությունըՙ ակնթարթը պահպանելու հնարավորությունը, որ մեզՙ դիտողներիս, թույլ է տալիս պատկերի միջոցով հաղորդակից լինել պատմությանն ու այն պահին, որ այլեւս երբեք նույնությամբ չի կրկնվի: |