ՕՐՈՐԱ ՄԱՐՏԻԿԱՆՅԱՆԻ ՀՈՒՇԵՐԻ ՆՈՐԱԳՈՒՅՆ ԻՍՊԱՆԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ Ա. Բ. Օրորա (Արշալույս) Մարտիկանյանը (1900-1994) Մեծ Եղեռնը վերապրած ամենահայտնի հայուհին էՙ շնորհիվ իր «Հոշոտված Հայաստան» հուշագրության եւ դրա հիման վրա նկարահանված համանուն շարժանկարի (հայտնի նաեւ «Հոգիների աճուրդ» վերտառությամբ): Թե՛ գիրքը, թե՛ ֆիլմը տարածվել են ամերիկյան ու եւրոպական երկրներում, գիրքը թարգմանվել է ճապոներեն, չեխերեն եւ այլ լեզուներով: Այն երկու անգամ թարգմանաբար հրատարակվել է նաեւ իսպաներեն (1919 եւ 1999 թվականներին): Անցած տարեվերջին Բուենոս Այրեսի «Էդիար» հրատարակչությունը Համազգային Հայ Մշակութային Միության հովանավորությամբ լույս է ընծայել «Հոգիների աճուրդը կամ Հոշոտված Հայաստան. Օրորա Մարտիկանյանի պատմությունը» իսպաներեն հատորըՙ արգենտինահայ հետազոտող Էդուարդո Գոզանլյանի աշխատասիրությամբ: Այն ընդգրկում է անգլերեն բնագրից կատարված նոր թարգմանությունՙ կատարված ամերիկաբնակ վաստակաշատ հայագետ, պատմաբան, բանասեր եւ թարգմանիչ Վարդան Մատթեոսյանի կողմից: Վերջինս նաեւ գրքի ընդարձակ առաջաբանի հեղինակն է, որտեղ ներկայացված է Մարտիկանյանի կյանքի ոդիսականը, արժեւորված են Էդուարդո Գոզանլյանիՙ սույն թեմայով կատարված երեսնամյա պրպտումները եւ նրա կողմից Հայաստանում ֆիլմի մի հատվածի հայտնաբերումը: Մարտիկանյանի տեքստը մանրամասնորեն ծանոթագրել է Էդուարդո Գոզանլյանը եւ հատորում ընդգրկվել նաեւ գրքի ու շարժանկարին մասին իր ուսումնասիրությունը: Հատորը եզրափակում են ֆիլմի սկզբնական 16 լուսանկարները եւ տարբեր արժեքավոր նյութեր Գոզանլյանի արխիվից: |