ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ՕՐԱԿԱՐԳ Հաշվարկված, թե պատահական՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի՝ էպիստոլյար ժանրով ներկայացված հրաժարականը դառնում է այն նոր օրակարգը, որի շուրջ օդ են տատանելու մեր քաղաքական ուժերը: Նախագահի հրաժարանը շատերին կարող է անսպասելի թվալ, սակայն ոչ գործընթացին ակնդետ հետեւողների համար: Ակնհայտ է, որ նախագահը միշտ էլ դժգոհել է իր լիազորությունների պակասից, այժմ արդեն, հրաժարականի իր հիմնավորումներում բացահայտ գրելով, թե լծակ չունի ազդելու Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումների, պատերազմի կամ խաղաղության վրա: Նրա ողջ բողոքաշարը հիշեցնում է մի ողջ բողոքի գիրք, եւ միայն նրան՝ Արմեն Սարգսյանին է հայտնի, թե էլ ի՞նչ թաքնված պատճառներ կային հենց այս պահին (եւ ոչ՝ ավելի վաղ կամ ավելի ուշ) ներկայացված հրաժարականի համար:
«Հետքի» այն բացահայտումը, թե նա այլ երկրի՝ Սենթ Քիդսի եւ Նեւիսի քաղաքացի է եղել, արդեն ԱԱԾ քննության նյութ է, չնայած՝ հազիվ թե դա պատճառ լիներ նրա հրաժարականի համար, ինչպես բացահայտումն արած պարբերականն է կարծում: Եւ ոչ էլ արժանահավատ են թվում Նիկոլ Փաշինյանի այն պնդումները, թե ինքը հրաժարականի հրապարակումից երեք ժամ առաջ է իմացել Արմեն Սարգսյանի հրաժարական տալու մտադրության մասին: Մեր տիպի երկրում, որտեղ ղեկավար պոստերի հավակնորդներին երկար ժամանակ որոնում, ապա որոշակի նախապայմաններով նախապատրաստում են այս կամ այն պաշտոնի համար, ու առանց ազդեցության կենտրոնների համարյա ոչինչ չի կատարվում, ուրեմն եւ կարելի է ենթադրել, որ Ա. Սարգսյանի հրաժարականը եւս նախապատրաստվել է եւ մեր երկրի շուրջ ամենակեզ զարգացումների պահին հրամցվել՝ տարբեր նպատակներով, այդ թվում՝ քաղաքական ուժերին օրակարգի թեժ թեմա տալու, ինչպես նաեւ ներքին ինքնուրույն գեներացումներից առայժմ գոնե խուսափելու համար:
Տեսեք՝ այսօրվա ԱԺ ճեպազրույցներին մասնակից համարյա բոլոր լրագրողներին հետաքրքրում էր, թե իշխող մեծամասնությունը ո՞ր թեկնածուների վրա կարող է կանգ առնել (հատկապես Փաշինյանի՝ ԱԺ-գործադիր -քաղաքական մեծամասնությանը ներդաշնակ նախագահի թեկնածու ունենալու ակնարկի ֆոնին), կամ՝ ընդդիմությունն իր թեկնածուին առաջադրելո՞ւ է, թե ոչ:
Իսկ որ Հայաստանի համար վտանգավոր որոշումները մոտիկ են, ու քաղաքական ուժերը հաճախ տեղեկացված չեն դրանց բնույթից, դա մնացել էր անտեսված գոնե խորհրդարանական լրագրողների հետաքրքրությունների դասում (գիտեք՝ նրանց մեծ մասը քաղաքական շահերի կրող է): Անգամ տողերիս հեղինակի փորձը՝ դուրս գալ օրվա թրենդից ու քաղաքական մեծամասնությունից տեսակետ ստանալ առ այն, որ հարյուրամյա հայ-թուրքական պայմանագրերի արդյունքում հարյուր տարով Ադրբեջանին կառավարման հանձնված Նախիջեւանի խնդրի շուրջ հայ-թուրքական բանակցությունների օրակարգում քննարկումներ կա՞ն՝ ոչ մի արժանահիշատակ պատասխանի չարժանացավ իշխող մեծամասնության ներկայացուցիչների կողմից: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը խորհրդային քարտեզներով Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանն է տանում, իրավական առումով փակելով հայ-թուրքական պայմանագրերով նրան ժամանակավոր զիջված Նախիջեւանի (որի կառավարման ժամկետը Ադրբեջանի կողմից հիմա իրավական առումով հարցականի տակ է) եւ նույնիսկ Արցախի հարցերը վերջնականապես:
Է, հիմա էլ հայերը մի երկու ամիս զբաղվելու են խորհրդարանում նոր նախագահ ընտրելով, եթե Արմեն Սարգսյանը միտքը չփոխի ու հետ չվերցնի իր դիմումը,տաք-տաք բանավիճելու են նախագահի թեկնածուների շուրջ (ինչպես մի ժամանակ արտահերթ ընտրությունների թեմայով էին աշխարհացունց ու երկրափրկիչ ելույթներ ունենում): Դեռ հրաժարականի՝ ԱԺ ուղարկած տեքստը հազիվ տեսած՝ քաղաքական եւ մերձքաղաքական շրջանակները սեփական ֆավորիտների անուններն են շրջանառում որպես նախագահի թեկնածու, որն ի դեպ, էն գլխից ժամանակավոր ֆիգուր է լինելու, քանի որ սահմանդրական փոփոխություններից հետո հավանաբար նախագահի պաշտոնը կդառնա ընտրովի ու նոր ընտրությւոններ կնշանակվեն: Մի խոսքով՝ Հայաստանի քաղաքական հանրույթը ստացավ իր ցանկալի կերն ու զբաղվելու է, Հայաստանի վերաբերյալ ճակատագրական որոշումների հերն էլ անիծած:
Չենք ասում, թե գոյություն չի կարող ունենալ Հայաստանի նախագահի հրաժարականի պատճառի մասին նաեւ մյուս վարկածը, թե առաջիկայում միգուցե այնպիսի վատագույն որոշումներ են սպասվում, ու Արմեն Սարգսհյանը չի ուզեցել պատասխանատվություն ստանձնել դրա համար: Դրան հավատացողները թող շարունակեն դրան հավատալ:
Սակայն քաղաքական գործընթացներին իրազեկ մեր փորձառությունը հուշում է, որ ամեն ինչ սցենարի մեջ է՝ տեղական եւ արտաքին ուղղորդողների տեսադաշտում:
Ավելի մանրամասն՝ շաբաթավերջի վերլուծության մեջ:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ |