RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Տեղադրվել է` 2009-01-12 11:05:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 7509, Տպվել է` 575, Ուղարկվել է էլ.փոստով` 202

ԽԱՉԱԳՈՂ 23

ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Պադյոմ տվող չեղավ: Կարծես սովորություն էր դառնում երկուշաբթի օրերը նախաճաշից հետո աշխատելը: Բայց ոչ թե իննին ճաշարան էինք գնում, ինչպես մյուս օրերին, այլ բավարարվում էինք կիրակի օրվա ավելցուկներով:

Գարշելի վիճակում էի, ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ հոգեպես: Տանջող, մաշող մի բան խառնում էր ներսս, ստամոքսից մինչեւ կոկորդ:

Շուլան հենց արթնանում էր, «Լիգերոսը» դնում էր բերանը:

- Ինչ տեսել-տեսել էի,- աչքը ճտելով ասաց նա,- գույնը գցած մոծակ չէի տեսել:

- Գիշերը լողացա,- քրթմնջացի,- երեւի մրսել եմ:

Ընկերներս միամիտ չէին:

- Արամը սեքսի գործ է բռնել,- ձայնեց Հրանտը:

Ով դեռ քնած էր, վեր թռավ:

Վարդանն արթուն էր, իսկույն ուղղվեց: Նրա երկու սիրելի թեմաներից մեկն էր: Հրանտը երեւի ջահել տարիքս հարգելով այդ ժամանակակից բառը գործածեց, Վարդանի ու Ռազմիկի արածը նա այլ կերպ էր բնութագրում:

- Լավ գո՞րծ է, Արամ ջան,- կռվից հետո Վարդանը նկատելիորեն փոխվել էր,- մետրը քանիսո՞վ ես անում:

- Տիեզերագնա՞ց է, մետրով չափի,- Գիքորն էր:

Քյավառցիներից էինք լսել այդ անեկդոտը: «Հայկական ռադիոյին» հարց են տալիս, թե ինչու մինչեւ հիմա հայ տիեզերագնաց չկա, պատասխանում էՙ որովհետեւ հայերը մեկ կիլոմետրի համար երեք ռուբլի են ուզում:

Սաքոն ձեռքերը փորին ծալած, կծկված նստել էր մահճակալին, վերջերս ստամոքսից էր գանգատվում:

- Չգնա՞նք, տղերք,- զգույշ հարցրեց նա:

Սա էլ էր փոփոխություն: Դուրս էի մղվել բրիգադի կյանքից:

Շատ երկար լվացվեցի, սառը ջուրը փրկեց, բայց պետք է անընդհատ լվացվեի, որ վատ զգացողությունը չվերադառնար:

Սենյակում աշխատանքային առավոտվա սովորական իրարանցումը չէր զգացվում, ծուլորեն էին շարժվում, իսկ Վարդանը ճամպրուկը դրել էր մահճակալին եւ իրերն էր հավաքում: Հարցական նայեցի Շուլային, նա աչքերը փակեց, բացեց, այսինքնՙ ճիշտ ես հասկացել, տուն է գնում: Ոչ ոք չէր փորձում համոզել նրան, հավանաբար երեկ ամեն ինչ ասվել էր: Սաքոն արդեն դուրս էր եկել: Գուցե բոլորն էլ սրտի խորքում ուրախ էին: Միայն Ռազմիկն էր քիչ թե շատ ընկերություն անում Վարդանի հետ:

Տոլիկի ավտոն դրսում սպասում էր: Վարդանը ճամպրուկը գցեց թափքը, մեզ ձեռքով հրաժեշտ տվեց, մոտեցավ Սաքոյին:

- Հուլիսի փողը կուղարկե՞ս, թե՞ վերջում կբերես,- հարցրեց:

- Կուղարկեմ,- խոստացավ Սաքոն,- չնայած պայմանավորվել էինք, որ գործը կիսատ թողնողը փող չի ստանա:

- Լավ, նորից հին մեռելը մեջտեղ չբերենք,- ասաց Վարդանը,- դու չիմացար, թե քո բախտը որտեղ բերեց:

Վարդանը Սաքոյին ձեռք չտվեց:

- Հաջողություն ձեզ, տղերք,- դիմեց մեզ, մտավ խցիկը, Տոլիկը քշեց:

Աստված իր հետ, կասեր Դիմովիչը: Վարդանի հեռանալը, սառը ջրի պես, մի քանի րոպե ընդամենը շեղեց ինձ տհաճ ինքնազգացողությունից: Տագնապով էի սպասում արեւի բարձրանալուն, ավելի տագնապալի էր աշխատանքի բաժանման պահը: Աղյուսի գործարանը կոչնչացներ ինձ, ինչպես նաեւ բետոնըՙ արեւի տակ: Համեմատաբար տանելի էին թվում քարհանքը եւ Անտառային փողոցը: Վերջինը թեեւ արեւից սոսկալի էր, ձգում էր ինձՙ շատ հարցեր ունեի պարզելու: Երկուշաբթին դառնում էր բացատրության օր: Բացատրությանՙ գուցե, բայց ոչ հանգուցալուծման, որովհետեւ չէի հասկանում, թե ինչ է կատարվում:

Նորանոր պատառիկներ էի կորզում երեկվա մշուշից եւ սոսկում էի, թե ինչ եմ արել ու ասել: Ես պետք է տեսնեի նրան թեկուզ ողջ կատարվածը պարզելու համար: Ենթադրում էի, որ դա լինելու է մեր վերջին խոսակցությունը... Իսկ գուցե հրաժեշտ տամ առանց բացատրության... կամ հեռանամ առանց հրաժեշտ տալու: Եթե սիրահարները հանդիպում են առանց պայմանավորվածության, կարող են եւ չհանդիպել պարզապես: Կարիք կա՞ հանդիպման կամ բացատրության, եթե սերը լքել է: Ես սիրահարվա՞ծ էի... չգիտեմ, պատասխանելը դժվար էր, բայց արդեն կարոտում էի նրան...

Աղյուսի գործարան չգնացի: Հրանտն ու Փայլակը գնացին ավտոպարկի ցանկապատի համար բերված գերանները կեղեւահան անելու: Կամոյին Սաքոն ուղարկեց բետոնագործների մոտՙ փաստորեն պատաշարների բանվոր ինձ թողնելով: Անտառային փողոց: Հուզված էի եւ անհանգիստ, այդպես տանջվում էր Սեւակը խաղից առաջ: Նրա հուզմունքը տեւում էր մինչեւ խաղատախտակի մոտ նստելը, հետո դառնում էր սառնարյուն գիշատիչ: Գիշատչական մղում չէի զգում, ոչ էլ հաշվարկն էր գերիշխում մտքիս մեջ, բառեր էի ընտրում, որ շպրտեի նրա դեմքին...

Այդ ամենի մեջ լույսի մի շող կար, առավոտյան վերհիշած հրաշալի երազի պես քնքուշ: Նինայի դեմքը...Դա էլ պետք է պարզեիՙ եղե՞լ էր Նինան այնտեղ:

Արագ էի գնացել, որ մինչեւ վարպետների ժամանելը «պատրաստություն տեսնեմ»:

Այդ ժամին դժվար թե արթուն լինեին, այն էլ գիշերվա գինարբուքից հետո: Բայց Սաշան աստիճանների վրա նստած ծխում էր: Մոտեցա նրանց ցանկապատին: Եթե եկել էի պարզելու, հենց նրանից պիտի սկսեի:

- Ողջույն,- հանգիստ բարեւեց նա ձեռքը թափահարելով:

Զարմացած պատասխանեցի:

- Ո՞նց ես,- հարցրեց:

- Ահավոր,- խոստովանեցի,- շատ վատ...

- Սպասիր,- Սաշան ներսից մի շիշ բերեց,- սա կփրկի:

- Գարեջո՞ւր...

- Օղի՞ ես ուզում, կբերեմ,- Սաշան պատրաստակամ էր,- ինձ սա է բուժում, սառը գարեջուրը:

Գարեջուր մանկուց եմ սիրել: Սառը խմիչքը սկսեց իր ամոքիչ առաքելությունը: Շշի կեսից դադար տվեցի, որ ստուգեմ ազդեցությունը: Անսպասելի էր եւ հոյակապ: Ներսում ոչ միայն ամեն ինչ հանդարտվեց, այլեւ յուրատեսակ վայելք տիրեց: Շիշը դատարկեցի ափսոսանքով:

-Եթե էլի խմես, շարունակությունը հարբելն է,- զգուշացրեց Սաշան:

- Ո՜չ,- վախեցա,- ես պիտի աշխատեմ: Իրոք փրկեց, շնորհակալ եմ:

Ժամանակ չունեի, ուր որ է վարպետները կհասնեին:

- Երեկ ի՞նչ է եղել,- հարցրեցի:

- Ի՞նչ է եղել,- զարմացավ Սաշան:

- Ես վատ բաներ արե՞լ եմ:

- Եթե խմում ենք, վատ բաներ էլ պիտի անենք, բա ոնց... Ո՞ւր գնացիր:

- Լողացա:

- Ես այդպես էլ մտածեցի: Այնտեղ լողանայիր ու գայիր մեզ հետ... Գնացինք Լյոխայենց տուն, հինգին ենք եկել:

- Ի՞նչ էիք անում այդքան ժամանակ,- հարցրեցի հանկարծահաս խանդատագնապը սրտումս:

- Խմում էինք,- Սաշան էլ ավելի զարմացած նայեց ինձՙ մի՞թե պարզ չէ, թե ինչ պիտի անեինք:

Փողոցում Ռազմիկն ու Ոսկանը երեւացին: Մինչ նրանք ծխելով չափուձեւ կանեին, ես արագորեն կալը սարքեցի: Աղյուսը մոտ էր պատերին, հիմնականում ցեխ էի տալու, բայց մի շիշ գարեջուրը քիչ էր երեկվա հետեւանքները մեղմացնելու համար: Շատ էր ներսիս թույնը: Քրտինքը ջրի պես էր թափվում: Բարեբախտաբար Տանյան հայտնվեց, մեր ունեցած բոլոր շշերով մի քանի անգամ ջուր բերեց, խմում էի, տենդորեն աշխատում եւ քրտնում:

Վարպետները գնացին ճաշարան, ես մնացի: Ախորժակ չունեի, կարծես թե կյանքում առաջին անգամ:

Գարեջուրն ընդամենը կես ժամ էր գործել: Ինքնամաքրման սեփական եղանակ էի հայտնագործել եւ հաճույքով օգտվում էի. ջուր եւ քրտինք, խմում էի ու քրտնում: Երրորդ պատճառըՙ Ինային դեռ չէի տեսել: Ամբողջ օրը ներսում չէր մնալու:

Երեւի սպասում էր, որ ընկերներս գնան: Դուրս եկավ թասը ձեռքին: Իսկույն մոտեցա: Տանջված տեսք ուներ, աչքերն ուռած էին, կարծես երեսն էլ: Կռացած, թփերի տակ վարունգ էր փնտրում, իմ կողմը չէր նայում:

- Ուզում եմ խոսել հետդ,- ասացի միանգամից:

- Բարեւ,- գլուխը բարձրացրեց: Բարեկրթության դաս էր տալիս, մինչդեռ ինքն էր առանց բարեւի մոտենում:- Հիմա՞ ես ուզում խոսել:

Ժպտում էր: Այս մարդկանց չհասկացա, ժպտում էր, կարծես երեկ համբույրով էինք բաժանվել:

- Ոչ, երեկոյան, մեր աշխատանքից հետո, կգաս այս տունը:

- Հրամայո՞ւմ ես:

- Չեմ հրամայում: Կարծում եմ, որ այդ խոսակցությունն ավելի շատ քեզ է պետք:

- Այո, ինձ պետք է,- հաստատեց նա,- ուրի՞շ:

- Ուրի՞շ... Ալինային հետդ չբերես, մենակ կգաս:

- Իսկ Նինայի՞ն...

Ամբարտավանությունս կորավ: Ուրեմն Նինան եղել էր գետափին: Այնուամենայնիվ խաղը փրկում էր ինձ: Խաղի առաջին կանոնըՙ անպայման պատասխանել, երբեք չլռել:

- Նա է՞լ էր ողջ գիշեր խմում ձեզ հետ:

- Նա տանը քնած էր:

- Իսկ դո՛ւ Լյոխայենց տանը ում հետ էիր քնած:

- Դա քեզ չի վերաբերում:

- Դու ճիշտ ես, դա ինձ չի վերաբերում:

Շրջվեցի ու հեռացա... որպեսզի երեկոյան հանդիպումը ավելորդ չդառնար: Այսպես, մի երկու րոպեում չէի հասցնի ամեն ինչ ասել նրան:

- Իմիջիայլոց, ես էլ էի տանը,- ասաց նա, բայց արդեն հեռացել էի:

Ափսոսում էի, որ ճաշարան չգնացի: Ներսս արդեն մաքրվել էր, ուրեմն սոված էի, կամ հակառակըՙ սոված էի, ուրեմն մաքրվել էր... Թեթեւ եւ անհոգ էի առաջվա պես: Վազելով գնացի «Բելուխա»:

Կույսն էր աշխատում: Բարեւեցի ընդգծված հարգանքով, նորից գտել էի հումորս:

- Երեկ լավ համերգ եք տվե՞լ,- հարցրեց նա:

- Ովքե՞ր:

- Ձերոնք էլ, բայց ես քո մասին եմ ասում:

Այս գյուղում ոչինչ չէր մնում ծածուկ:

- Լավ էր,- ասացի,- բայց նվագախմբի գործիքները քիչ էին,- ինչպես կուզի թող հասկանա:

- Օ՜, ես կարող եմ լրիվ կոմպլեկտ ապահովել,- արագ արձագանքեց:

Այս կինը լավ իմպրեսարիո կլիներ: Եվ էր, իր ոլորտում:

Գալետներ էի տեսել, որ մանկության տարիներին էի կերել, հետաքրքրեցին: Ուրիշ բան չգնեցի:

- «Ռոդոպի» ունեմ,- առաջարկեց Կույսը:

Նա գիտեր, որ հայերը բուլղարական սիգարետ են գնում, որը երբեմն էր երեւում խանութներում: Սովորաբար միայն տեղական էժանագին ծխախոտ էր լինում, «Պրիմա», «Ալթայ», ֆիլտրով, կարճ, «Բելոմոր»...

- Շնորհակալ եմ, չեմ ծխում:

- Նորի՞ց ես թողել:

Այդպիսի մանրամասնությա՞մբ... ապշեցուցիչ էր: Չէի զարմանա, եթե շարունակերՙ Ինայի հետ գժտվել ես, որ ծխելը թողել ես: Անհնար էր նրա այդ գուշակությունը: Երեւի պատահաբար էր կրակել կամ գուցե Վարդանի՞ց էր իմացել: Վարդանի մասին չխոսեց, ուրեմն տեղյակ չէր:

Գալետների համը ճիշտ էի հիշել: Մինչեւ վարպետների գալը ուտում էի եւ սառը ջուր խմում, կեսն էլ թողեցի, որ ընթացքում զբաղվենք:

Լավրովների կողմը մեկ-մեկ էի նայում, մեկ-մեկ էլ նրանք էին նայում: Իրավունք չունեի՞ն, իրենց տունը, իրենց փողոցը...

Ընթրիքին ճաշարան գնացի, հետո երկու ժամից ավելի պիտի աշխատեինք: Վերջին կալն այնպես սարքեցի, որ իննից հետո վերջացնենք:

- Լողանամ ու կգամ,- ասացի վարպետներին:

Նրանք գնացին:

Կիսով չափ լողացա բաքի ջրով: Կարելի էր գնալ գետափ. իզուր ժամադրությունն այնտեղ չնշանակեցի: «Հրամայո՞ւմ ես», ականջներիս մեջ Ինայի ձայնն էր, դեմքի արտահայտությունը խղճալի էր: Մի անգամ էլ էի նման բան զգացել:

Նինան էր գալիս, արագ, փութկոտ քայլերով եւ բարեւելուց հետո նույն փութկոտությամբ անմիջապես ասաց.

- Ես պետք է փոխանցեմ... Ինան ուզում էր Ձեզ ասել, այսօր, այստեղ չէիք: Նրանք գնացին Բառնաուլ, Սաշան, Ալինան եւ Ինան: Հանկարծակի ստացվեց... Ցտեսություն:

- Ցտեսություն,- ասացի ակամա:

Դիվինոյում «բարեւն» ու «ցտեսությունը» պարտադիր էին նույնիսկ անծանոթների համար: Բացառությունն Ինան էր:

Ամեն ինչ լուծվեց ինքնիրեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ