ՈՒՂԱՐԿԵԼ ԽՄԲԱԳՐԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 2016-07-29

ՈՐՔԱ՞Ն Է ԼԻՆԵԼՈՒ 1 ՇՆՉԻՆ ԸՆԿՆՈՂ ՀՆԱ-Ն 2016-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումները

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսման համաձայն, 1 շնչին ընկնող անվանական ՀՆԱ-ն (համախառն ներքին արդյունք), 2016-ի տարեկան արդյունքներով Հայաստանում կկազմի 3602 դոլար: 2015-ին այդ ցուցանիշը 3534 դոլար էր եւ մենք 117-րդն էինք 186 երկրների մեջ: Այսինքն, ԱՄՀ-ն մեզ համար կանխատեսում է որոշակի բարելավում: Պարզաբանենք, որ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն դա տվյալ երկրի տնտեսության ամբողջ ծավալն էՙ բաժանած նրա բնակիչների թվի վրա:

Ինչ մնում է մեր հարեւան եւ նախկին խորհրդային երկրներին, որոնց հետ տնտեսական բազմաթիվ նմանություններ ունենք, ապա պատկերը հետեւյալն է:

Վրաստանի համար ԱՄՀՙ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի կանխատեսումն այս տարի 3790 դոլար է: Սա շատ մոտ է Վրաստանի 2015-ի ցուցանիշին, որը 3788 դոլար էր: Այլ է պարագան մեր մյուս հարեւանիՙ թշնամի Ադրբեջանի դեպքում: Այս երկրում 2016-ին կանխատեսվում է 1 շնչին ընկնող 3701 դոլար ՀՆԱ, ինչը էական վատթարացում է, քանի որ 2015-ին 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն Ադրբեջանում կազմել էր 5739 դոլար, իսկ 2014-ինՙ 8055 դոլար:

Նախկին խորհրդային հանրապետություններից Ղազախստանի համար կանխատեսվում է 1 շնչին ընկնող 6471 դոլար (2015-ինՙ 9795 դոլար), Ռուսաստանի համար` 7742 դոլար (2015-ինՙ 9054 դոլար), Թուրքմենստանի համար` 6479 դոլար (2015-ինՙ 6622 դոլար), Բելառուսի համար` 4885 դոլար (2015-ինՙ 5749 դոլար):

Հայաստանից ցածր դիրքեր զբաղեցնող նախկին խորհրդային երկրներից Ուզբեկստանի համար ԱՄՀ-ն կանխատեսում է 1 շնչին ընկնող 1966 դոլար (2015-ինՙ 2120 դոլար), Ուկրաինայի համարՙ 1854 դոլար (2015-ինՙ 2004 դոլար), Մոլդովայի համար` 1712 դոլար (2015-ինՙ 1804 դոլար), Ղրղզստանի համար`995 դոլար (2015-ինՙ 1112 դոլար), Տաջիկստանի համար` 721 դոլար (2015-ինՙ 922 դոլար):

Նկատի ունենալով, որ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշն, ըստ էության, ցույց է տալիս տվյալ երկրի զարգացման եւ բարեկեցության աստիճանը, հասկանալի է դառնում, որ ամենաբարձր ցուցանիշներ ունեցողները ամենաբարեկեցիկ երկրներն են: Դրանց առաջին տասնյակը, ԱՄՀ կանխատեսմամբ, որոշ տեղափոխություններով կմնա նույնըՙ Լյուքսեմբուրգ, Շվեյցարիա, Քաթար, Նորվեգիա, ԱՄՆ, Իռլանդիա, Դանիա, Սինգապուր, Ավստրալիա, Իսլանդիա:

Տեղեկացնենք նաեւ, որ 2015-ին 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի միջին ցուցանիշն աշխարհում կազմել է 10023 դոլար: Առաջին տեղում գտնվող Լյուքսեմբուրգում 1 շնչին միջին հաշվով բաժին է հասնում 101994 դոլար, ինչով այս երկիրը զգալիորեն առաջ է անցնելով մյուսներից, իսկ վերջին տեղում գտնվող Բուրունդիումՙ 305 դոլար:

Ա. Մ.


https://www.archive.azg.am/AM/2016072910

© AZG Daily, 2008