RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2016-07-15 > #028, 2016-07-22 > #029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 29-07-2016



ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2016-07-28 23:44:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 10165, Տպվել է` 998, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՅՍ ԽԵԼՔՈՎ ՊԵՏՈՒԹՅՈ՞ՒՆ ԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ո՞ւր կորավ մեր պետական մտածելակերպը

Չափազանցություն չի լինի ասել, որ հուլիսի 17-ը ծանր հարված էր հայկական պետականությանը: Թվում էր, թե հեռավոր անցյալ են զինված մարդկանց ազատ տեղաշարժվելը Երեւանի փողոցներում, կրակոցները ցերեկվա եւ հատկապես գիշերային ժամերինՙ 90-ականների սկզբի մեր առօրյայի անբաժան մասը: Մինչ այն պահը, երբ այն ժամանակվա իշխանությունները գնացին արմատական քայլիՙ զինաթափելու մայրաքաղաքում անկառավարելի դարձած մարդկանց: Սա հհշ-ական իշխանության հազվադեպ դրական եւ պետության շահերի առաջնորդությամբ կատարված քայլերն էին: Այդ իշխանության մաս կազմող երկու ազդեցիկ մարդկանցՙ Վազգեն Սարգսյանի եւ Վանո Սիրադեղյանի շնորհիվ այդ ծանր խնդիրը հաջողվեց իրագործել: Թեեւ հնարավոր չեղավ խուսափել զոհերից:

Արցախյան գոյամարտի տարիներին ինքնաբուխ ստեղծված խոշորՙ ՀԱԲ (Հայ ազգային բանակ) կոչվող զինված կազմավորման զինաթափման նպատակով բանակցությունների մեկնած Վիտյա Այվազյանն ու Գեղազնիկ Միքայելյանը սպանվեցին անհայտ անձանց կողմից: Ամեն դեպքում, ՀԱԲ-ը զինաթափվեցՙ եթե պետություն ենք ստեղծում, ապա չպետք է լինեն անկառավարելի զինված խմբեր, պետք է լինի միայն պետական բանակ: Այս գիտակցումը գերակշռեց ՀԱԲ-ի մարտիկների մոտ, որոնք իրենց խիզախությամբ եւ հերոսություններով ոչնչով չեն զիջել, եթե չասենք գերազանցել են ոստիկանության գունդը գրավածներին, եւ նրանք համաձայնվեցին զինաթափվել: Այն մռայլ, ծանր, համատարած թշվառության տարիներին մեր ժողովուրդը պետական մտածելակերպ ցուցաբերեց, կարողացավ խուսափել եղբայրասպան պատերազմից եւ նորաստեղծ պետության հիմքերը քանդելուց:

Դժվար էր երեւակայել, որ ավելի քան 20 տարի անց, արդեն կայացած եւ զարգացման ահռելի ճանապարհ անցած հայկական պետականության մեջ, մայրաքաղաք Երեւանում, որեւէ զինված խումբ կզավթի ոստիկանության գունդը, կսպանի եւ պատանդ կպահի երկրի ներքին անտանգությունն ապահովող ոստիկանության աշխատակիցներին: Սակայն, ավելի աներեւակայելի էր, որ ըստ էության ահաբեկչություն կատարած այդ մարդիկ աջակցություն ցուցաբերողների բազմություն կունենան: Ինչի՞ հետեւանք է սաՙ քաղաքական կարճամտությա՞ն, գրագիտության պակասի՞, արտաքին ուժերի ազդեցությա՞ն: Թերեւս բոլորը միասին վերցրած:

Սակայն հիմնական պատճառըՙ պետական մտածելակերպի պակասն է, եթե չասենքՙ բացակայությունը: Ցավալի է տեսնել, որ հարեւան Թուրքիայում ժողովրդական ընդվզում է տեղի ունենում պետական հեղաշրջում կազմակերպողների դեմ, իսկ մեզ մոտ հակառակըՙ զինված հեղաշրջման նպատակ ունեցողներին աջակցության ցույցեր: Արդեն ձանձրալի է բացատրությունը բազմիցս չարչրկված կոռուպցիոն թեմայով: Թե՛ կոռուպցիան, թե՛ սոցիալական կացությունը մշտապես, բոլորՙ հարուստ, աղքատ եւ ոչ այնքան աղքատ երկրերում, բոլոր ժամանակներում, կա, եղել է եւ լինելու է, շահարկվել է, շահարկվում եւ շահարկվելու է:

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը օրերս հայտարարել է, որ կոռուպցիան ԱՄՆ-ում աննախադեպ մակարդակի է հասել, իսկ աֆրոամերիկացիներից 10-ից 4-ն ապրում է աղքատության մեջ: Իտալիայի նախկին վարչապետ Բեռլուսկոնիիՙ այդ թվում կոռուպցիոն սկանդալները, Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզիի շուրջ կոռուպցիոն գայթակղությունները, նրանց դեմ հարուցված եւ անհայտ ճակատագիր ունեցած քրեական գործերը: Նույն Թուրքիայի նախագահ Էրդողանի ընտանիքին պատկանող նավթային բիզնեսի մասին բացահայտումները չխանգարեցին, որ այդ երկրի ժողովրդի մեծ մասը հանդես գա հեղաշրջման դեմ: Ի՞նչ է, Թուրքիայում կոռուպցիան ավելի քիչ է, քան Հայաստանո՞ւմ: Կամՙ Հայաստանում 5, 10 կամ 15 տարի առա՞ջ էր կոռուպցիան ավելի քիչ, թե՞ աղքատությունը: Կոռուպցիայի դեմ պայքարելը ի՞նչ կապ ունի իշխանությունը զինված ճանապարհով գրավելու ցանկություն ունեցողների հետ: Երբեւէ գիտակցելո՞ւ ենք, որ այս ամենով հարվածում ենք պետությանը, իսկ մեր ստեղծած բոլորՙ նախորդ, ներկա եւ հաջորդ իշխանությունները այդ պետության անբաժանելի մասնիկն են: Հենց դրա համար էլ ազգերը պայքարում են, որպեսզի ունենան սեփական, այլ ոչ թե օտարի իշխանություն, ապստամբում են վերջինիս եւ ոչ թե առաջինի դեմ:

Կարող ենք, անշուշտ, դժգոհ լինել ներկա իշխանությունից, կարելի է եւ նաեւ անհրաժեշտ քննադատել գործող իշխանությանը, անհրաժեշտության դեպքում փոխել այդ իշխանությանը ընտրությունների ժամանակ, բայց այդ ամենը չպետք է վերածվեն պետության կործանման տանող քայլերի: Պետք է գիտակցենք, որ եթե այս պետությունն էլ կործանվի, այլեւս պատմությունը նոր հնարավորություն մեզ չի տա, իսկ հայ ժողովուրդը կհամալրի հին եւ հարուստ պատմամշակութային ժառանգություն ունեցող այն ժողովուրդների ցանկը, որոնք կա՛մ անհետացել են պատմության թատերաբեմից, կա՛մ էլ սեփական պետությունը չունեն եւ այլեւս չեն ունենալու :

Աշխարհում 5 հազար էթնիկ հանրություններ կանՙ ցեղեր, ժողովուրդներ, ազգեր, որոշներն արդեն անհետացել են կամ անհետացման եզրին են, իսկ պետությունների թիվը չի գերազանցում 200-ը: Անկախության շնորհիվ հնարավոր եղավ պահպանել մեր կորցրած պատմական հայրենիքի այս կտորըՙ Հայաստանի Հանրապետությունը, ազատագրել մյուս կտորըՙ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ծանր զրկանքների եւ զոհողությունների գնով ունենք մեր բանակն ու ուժային կառույցները: Սա մեր հերոս նախնիներիՙ Հրայր Դժոխքի, Գեւորգ Չաուշի, Միհրան Տամատյանի եւ հարյուրավոր, հազարավոր այլ նվիրյալների երազանքի իրականացումն է: Դժվա՞ր է հասկանալ, որ, ունենալով երկու ռազմաշունչ թշնամի հարեւաններ, անթույլատրելի է ներքին ցնցումներ եւ բախումներ հրահրել, դրան էլ ավելացրած ռազմավարական միակ դաշնակցի վրա պարբերաբար «մուննաթ գալ»: Ու այս խելքով պետությո՞ւն ենք պահելու:

Անհնար է չհամաձայնվել հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի բնորոշմանը ոստիկանության գունդը գրավողներին. «Ես չեմ ճանաչում, թե այդ մարդիկ ովքեր են, բայց դրանք տարրական քաղաքական հոտառություն չունեն: Նրանք ընդհանրապես զրկված են նորմալ մտածելակերպից: Անգամ մեր թշնամիները չէին կարողանա միջազգային դաշտում նման վնաս բերել այսօրվա Հայաստանին»: Մնում է միայն ավելացնել, որ ոչ միայն այսօրվա, այլեւ վաղվա Հայաստանին: Հայաստան, որտեղ ոչ թե պետությունն ու ազգի գոյության երաշխիքն են առաջնային համարում, այլ դրա դեմ ուղղված արկածախնդիրների գործողությունները, որտեղ ապրիլյան պատերազմի զոհված հերոսներին փորձում են համեմատել ցուցարար եւ ոստիկանության վրա քարեր նետող ասֆալտի «գեներալների» հետ, որտեղ հերոսությունը ոչ թե հայրենիքի սահման պահելն է, այլ Երեւանի կենտրոնում կրակելն ու անարխիա ստեղծելը, որտեղ բարեկեցիկ ապրելը ոչ թե օրենքի գերակայութան, աշխատելու եւ ստեղծելու հետ են կապում, այլ զինված հեղաշրջումների, ինչ-որ փրկիչների գալստյան եւ անդադար ու ամեն ինչից բողոքելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 29-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ