RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2016-07-15 > #028, 2016-07-22 > #029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 29-07-2016



Տեղադրվել է` 2016-07-28 23:44:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 5416, Տպվել է` 823, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՎ ԿՈՐԾԱՆՎԱԾԸ: ՋՈՒՂԱՅԻ ՎԻՐՏՈՒԱԼ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆԸ

Պատրաստեցՙ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Դարերի ընթացքում Ցեղասպանության, բռնությունների եւ վայրագությունների որպես հետեւանք, հայերս մարդկային անմեղ զոհեր տալուց բացի կորցրել ենք ոչ միայն մեր պատմական հայրենիքը, այլեւ անփոխարինելի թանկագին մշակութային հարստությունները: 21-րդ դարի ընձեռած տեխնիկական հնարավորությունները, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի պատասխանատու աշխատակիցներից Արամ Արքունի, հույսեր են ներշնչում, որ դրանց գոնե մի մասը վերականգնվի, թեկուզ թվային, վիրտուալ ոլորտում: Պրոֆ. Հարոլդ Շորթը մաս է կազմում ուսումնասիրող-հետազոտողների մասնագիտական մի խմբի, որը փորձում է վերականգնել անցյալը, սկսելով ազերի բարբարոսների ձեռքով ոչնչացված Ջուղայի խաչքարերի գերեզմանատնից: Ուոթերթաունում Արքունը հանդիպել է ժամանակավորապես այնտեղ գտնվող պրոֆ. Շորթին, ով որոշ տեղեկություններ է հաղորդել «Ջուղայի գերեզմանատան խաչքարերի եւ հուշարձանների եռաչափ (3D) թվային վերականգնման ծրագրի» վերաբերյալ:

Ծրագիրը նախաձեռնել է խմբի համատնօրեն, ավստրալիացի արվեստագետ, լուսանկարիչ եւ մտավորական դոկտ. Ջուդիթ Կրիսպինը , ով Կանբերայում (Ավստրալիա) «Մենինգ Կլարք Հաուս» ցուցահանդեսների եւ մշակութային միջոցառումների կենտրոնն է կառավարում: Իր գործունեության ընթացքում նա տեղեկացել է Հայոց ցեղասպանության եւ Ջուղայի գերեզմանատան խաչքարերի ոչնչացման մասին: Վրդովված տեղի ունեցածից եւ ցնցված խաչքարերի լուսանկարների գեղեցկությամբՙ նա հանդիպումներ է ունեցել Վիգեն Բաբկենյանի եւ Սիդնեյի հայոց հոգւոր առաջնորդի հետՙ առաջարկելով նոր տեխնոլոգիաների օժանդակությամբ վերականգնել գերեզմանատունը: Հետաքրքրություն են ցուցաբերել նաեւ Ավստրալիայի պետական գրադարանն ու կաթոլիկական համալսարանը, որի ռեկտորի տեղակալը պրոֆ. Շորթին է առաջարկել մասնակցելու ծրագրի իրականացմանը որպես թվային գիտությունների մասնագետի: Համալսարանը նաեւ իր «սոցիալական արդարության» եւ «կրոնի եւ քննադատական հետազոտությունների» ինստիտուտների գրասենյակները հատկացրել է ծրագրի իրականացման գործընթացներին:

Պրոֆ. Շորթը մինչեւ 2010 թվի սեպտեմբերին թոշակի անցնելը գլխավորել է Լոնդոնի «Քինգզ քոլեջի» թվային գիտությունների բաժինը: Նա ծրագրի տեխնիկական կողմի պատասխանատուն է լինելու, մինչդեռ Կրիսպինը համակարգելու է անհրաժեշտ պատմական եւ մշակութային ուսումնասիրությունները: Ծրագիրը բավականին ծախսաշատ է: Շորթի հաշվարկներով մոտ 6 միլիոն դոլարի գումար է անհրաժեշտ, որի ձեռք բերման համար աշխատանքներ են ծավալվում Մ. Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի կառավարական եւ կորպորատիվ հաստատություններում: Բայց Շորթի կարծիքով հայ բարեգործներ էլ պետք է իրենց մասնակցությունը բերեն: Ծրագիրը, նրա կարծիքով, իրագործելի է հատկապես հմուտ նախիջեւանագետ, պատմաբան եւ վավերագրող Արգամ Այվազյանի կատարած հսկայական աշխատանքիՙ հեղինակային լուսանկարների եւ հրատարակած արժեքավոր աշխատությունների շնորհիվ, որոնք ծրագրի նյութերի 90 տոկոսն են կազմում: Խմբի աշխատակիցները 2013-2016 թթ. Հայաստան կատարած իրենց այցելությունների ընթացքում մի շարք անգամներ հանդիպել են Արգամ Այվազյանի հետ, քննարկել ծրագրի հետ կապված խնդիրները:

2013-ին մասնագիտական խմբի Հայաստան կատարած ճանաչողական շրջագայության արդյունքում Մենինգ Կլարք Հաուսի կողմից հրատարակվել է «Վերագտնելով կորած հայկական մի գերեզմանատուն» («Recovering a Lost Armenian Cemetery») խորագրով էլեկտրոնային մի հատոր, լուսանկարներով հարուստ: 2014-ին եւ 2015 կատարված շրջագայությունների ժամանակ հավելյալ նյութեր են հավաքվել, որոնք մեծապես նպաստելու են ծրագրի իրականացմանը: Այն միջճյուղային է, դրանում ընդգրկված են հնագետներ, պատմաբաններ, աստվածաբաններ, լուսանկարիչներ, ձայնային եւ թվային գիտությունների տեխնիկական մասնագետներ: Ծրագրի առաջին շնորհանդեսը տեղի է ունեցել Երեւանումՙ Պետհամալսարանի պատմության ֆակուլտետում, 2015 թվի ապրիլի 22-ին Ջուդիթ Կրիսպինի մասնակցությամբ: Նախատեսված է սեպտեմբերի վերջերին կոնֆերանս-շնորհանդես կազմակերպել Հռոմում, ապա նաեւ ԱՄՆ-ում: Նախատեսվում է Ավստրալիայի պետական գրադարանում ստեղծել հայկական համայնքի արխիվային մի բաժին, որտեղ ֆիզիկական եւ թվային տարբերակով փաստաթղթեր են ի պահ տրվելու: Նախատեսվում է նաեւ ստեղծել երկու մշտական գործող ցուցահանդեսներ համապատասխան բարձրորակ սարքավորումներով, որոնք եռաչափ (3D) ծրագրի միջոցով մարդկանց հնարավորություն են տալու զգալու, որ շրջագայում են գերեզմանատան խաչքարերի նրբանցքներով: Նրանք նաեւ մի կոճակ սեղմելով տեղեկություններ են ստանալու տվյալ խաչքարի պատմության վերաբերյալ: Մշտական ցուցահանդեսներից մեկը գործելու է Երեւանի ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, մյուսըՙ Չեթսվուդում (Սիդնեյի մոտակայքում), որտեղ մեծ թվով հայեր են ապրում: Ըստ Շորթի, նման ծրագիր նախապես իրագործվել է Աֆղանստանում թալիբների կողմից ոչնչացված Բամիանի հովտի բուդդայկան հսկա արձանների նկատմամբ:

Նկար 1. Հատված գերեզմանատնից (1981, հեղ.ՙ Ա. Այվազյան)]

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 29-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ