RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2016-07-15 > #028, 2016-07-22 > #029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 29-07-2016



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2016-07-28 23:44:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 5857, Տպվել է` 957, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԱԳՆԱՊԱԼԻ ՕՐԵՐ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պ.գ.դ

Հանրապետությունում ստեղծված այս վիճակն իսկապես մտահոգիչ է, ավելին` տագնապալի: Որպես հասարակ մահկանացու, այս երկրի քաղաքացի ու դրա վաղվա գեղեցիկ օրվա ջատագով, ինձ հարց եմ տալիս` ինչո՞ւ, ինչի՞ համար եւ ինչպե՞ս հասանք այս տխուր հանգրվանին...

Մեկ բան հստակ է, մեկ օրում ու մի դիպվածի արդյունքում չէ, որ եղավ այս ամենը, այլ, իմ խորին համոզմամբ, դրա հիմքերը դրվեցին դեռեւս ԽՍՀՄ-ի փլուզման ու անկախության նվաճման գործընթացներին զուգընթաց: Բոլոր պատճառները մեկ թերթային հոդվածում լուսաբանելը հնարավոր չէ, ուստի կփորձեմ լինել համառոտ:

Որպես երկու (խորհրդային եւ նորանկախ հանրապետության) համակարգերում ապրած եւ դրանք կամրջող սերնդի ներկայացուցիչ վստահ կարող եմ ասել, որ անկումն սկսվեց հոգեւոր-մշակութային դաշտից: Խորհրդային ժամանակներում կուսակցանոմենկլատուրային համակարգի պարտադրանքով պատանեկան տարիքից սկսած սերունդները դաստիարակվում էին հոկտեմբերիկ-պիոներ-կոմերիտական անվրեպ գործող շղթայով: Լա՞վ էր դա, թե՞ վատ, այլ խոսակցության թեմա է: Բայց ի՞նչ արեցինք անկախության տարիներին: Մերժելով այդ ամենը, նետեցինք դրանք պատմության աղբարկղ, բայց, ցավոք, տեղը ոչինչ չդրեցինք: Փոխարենը մատաղ սերնդի ներաշխարհի դռները լայն բացեցինք տարաբնույթ աղանդավորական հեղեղի առջեւ, որը սովորաբար աշխուժանում է բոլոր այն դեպքերում եւ այն տեղերում, որտեղ առկա են սոցիալ-քաղաքական եւ, ամենակարեւորը, դրանցով պայմանավորված հոգեբանական դժվարություններ: Մեր անհեռատես ու նյութապաշտ ընթացքով ստեղծեցինք անարժեք արժեքների, սնամեջ հոգեկերտվածքի երկիր: Իսկ դատարկ ու անիդեալ հասարակությունը հոգեպես աղքատ է դառնում, փլվում են հոգեւոր արժեքները, որոնց տեղը հզոր թափով գալիս է լրացնելու մարդկային ցեղի ամենավտանգավոր բարդույթներից մեկը` նյութապաշտությունը:

Մեր այս անարժեք արժեքների երկրի ստեղծման գործում, համոզված եմ, մեղքի բաժին ունեն բոլորը եւ, առաջին հերթին, մեր քառորդդարյա իշխանությունները, որոնք իրենց կրթական, մշակութային, հոգեւոր ու սոցիալ-տնտեսական անհեռատես քաղաքականությամբ, մարդ արժեքի նկատմամբ արհամարհական վերաբերմունքով, իրենց անհանդուրժողականությամբ, պատեհապաշտությամբ ամեն օր մեր երկրի մարմինը սարսափելի հյուծեցին: Մենք էլ տարբեր կարգավիճակներում, ոմանք ընդդիմության, ոմանք` վերջին ազատախոհի, ոմանք` նվիրյալի, ոմանք`ազգային հերոսի, ոմանքՙ հանդուրժողի դերում տարբեր չափերի մասնակիցն ու դերակատարը եղանք այդ նողկալի գործընթացներին: Հենց այս պաշարով էլ մենք հասանք վստահության այն մեծ ճգնաժամին, որի արդյունքում առաջնագիծը տեղափոխել ենք երկրի մայրաքաղաքի կենտրոն: Առաջնագիծ, որի կողմերում, համոզված եմ, թշնամիներ չկան: Սակայն յուրաքանչյուր կողմ, խումբ, անհատ ունի իր տեսակետը: Բոլորն են մտահոգ, բոլորն են քննարկում ստեղծված բարդ իրավիճակը: Իսկ որպես կանոն, հայկական քննարկումներում յուրաքանչյուրն իր անվերապահ ճշմարտություններն ունի, իր անբեկանելի ճշմարտությունները:

Մեկ Աստծո գործերն են անքննելի, մեկ էլ` հայի ճշմարտությունները: Այո, եթե արդարադատություն լիներ, եթե զարգանայինք մշակութապես, եթե կրթվեինք, եթե թալան, գողություն, քայքայում, զոռբայություն չլիներ, եթե իշխանությունն իշխանություն լիներ, ընդդիմությունը` ընդդիմություն, եթե քաղաքական համակարգը ավերված չլիներ, եթե երեսպաշտություն չլիներ, եթե ազնվորեն գնահատված լինեին երկրին նվիրյալ ծառայություններ մատուցած բոլոր մարդիկ, եթե արժանապատիվ ապրեին, եթե արժանի մարդը վտարված չլիներ, եթե համբակները մշտապես չլինեին թամբին, եթե անարդարություններից ու վաղվա օրվա նկատմամբ անվստահության զգացողությունից զայրացած ու զզված չարտագաղթեինք, եթե մի բան փոխվեր երբեւէ...: Այո, սա էլ գիտենք բոլորս, սրա արմատներն էլ խորն են. խորհրդային հասարակությունից մինչեւ անկախ Հայաստանի հիմքեր, մինչեւ դրանք հետեւողականորեն խարխլած անգետներ, մինչեւ զանազան մակարդակների ընտրական ցուցակների տիրակալներ, մինչեւ մենք, ինքներս, որովհետեւ «...բոլորն ուզում են աշխարհը փոխել, ոչ ոք չի ուզում սկսել իրենից...»:

Իմ սերնդակիցները լավ են հիշում. ստեղծվել է գրեթե նույն իրավիճակը, որն առկա էր 1990 թ. օգոստոսին, երբ ՀԱԲ-ը հայտարարեց խորհրդարանը ռմբակոծելու իր մտադրության մասին, 1997 թ. հոկտեմբերի 27-ին, մարտիմեկյան դեպքերի ժամանակ: Համոզված եմ, եթե այդ բոլոր իրադարձությունների հետ կապված բոլոր հարցերը անպատասխան չմնային, գուցե թե այսօրյա ցավալի իրավիճակն էլ չլիներ: Ուրեմն ի՞նչ, մի՞թե շատ չէ սա մի ժողովրդի ու ընդամենը 25-ամյա պետության համար: Այն պետության, որը պատերազմի մեջ է եւ որի անվտագությունն` ակներեւ վտանգված է, այն պետության, որը շրջափակման, գրեթե բոլոր կարեւոր ճյուղերի ու բնագավառների մոնոպոլիզացման ամենաբարձր աստիճանի է հասել, որտեղ հարցերը լուծվում են, մեղմ ասած, ոչ քաղաքակիրթ եղանակներով, որտեղ վերից-վար իշխանությունների կրողները խուսափում են ականջալուր լինել հասարակ մահկանացուներիս խոսքին:

Ո՞րն է ելքը: Հարց, որը կախված է օդում, մտել է բոլորիս տներն ու բակերը, հասել Լոս ու Փարիզ, Ավստրալիա ու Լատինական Ամերիկա: Նախ հարկավոր է ծայրաստիճան լրջախոհ մոտեցում: Սթափվենք բոլորս, գնահատենք պահի լրջությունն ու անկանխատեսելի հետեւանքները, ձերբազատվենք «կողմ»-երի բարդույթից ու միմյանց մեղադրելուց: Չէ որ կասկածից դուրս է` անարյուն, ողջախոհ, ինչու չէ, նաեւ արդարացի լուծում է անհրաժեշտ, որին պիտի հաջորդի նաեւ երկրում կուտակված ու ժամ առաջ լուծում պահանջող բյուր հարցեր: Այս անգամ գոնե լինենք հետեւողական, այս անգամ գոնե իշխանությունները թեթեւացած շունչ չքաշեն ու շարունակեն իրենց շատ դեպքերում անարդարացի գործելաձեւերով կառավարել: Լուծում, որի քննարկմանն ու ուղիների որոնմանը մասնակից դառնան ժողովրդական լայն շրջանակները, թե չէ միայն ծափահարողներով, որոնք միշտ արջի ծառայություն են մատուցում, կամ հայհոյողներով առաջ չենք գնա, լուծումը ամենալավը չի լինի:

Համոզված եմ, ավելի քան անհրաժեշտ ու կարեւոր է հանրապետության նախագահի ուղերձը ժողովրդին: Չէ որ ի վերջո նա է երկրի կարեւորագույն հարցերի ու բոլոր քաղաքացիների անվտանգության թիվ մեկ երաշխավորը: Կարծում եմ նաեւ, որ համապատասխան վերաբերմունք պիտի դրսեւորեն Ազգային ժողովը (որն անմիջապես պիտի ետ կանչվի արձակուրդից. եթե ոչ այս, ապա ուրիշ ո՞ր դեպքերի համար է նախատեսված ազգընտիրների անդորրը խանգարել), կառավարության, Սահմանադրական դատարանի եւ այլ կարեւոր մարմինները: Լավագույն լուծումներ գտնելուն կնպաստի նաեւ հասարակության բոլոր շրջանակներից ընտրված խմբի (կամ խմբերի) մասնակցությունը հարցերի քննարմանը եւ այլն: Ավելացնեմ, որ շատ հեռու եմ ասածներս հարցի լուծման լավագույն տարբերակներ համարելուց, առավել եւս վերջնական խոսք ասելու հավակնություն չունեմ (եթե նկատեցիք, ավելի շատ հարցեր են, քան դրանց պատասխանները), բայց իսկապես սիրտս ցավում է, իսկապես անհանգստացած եմ եւ շատ եմ ցանկանում բոլոր խնդիրները շուտափույթ լուծված տեսնել:

22.07.2016

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 29-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ